Չինչինում հրդեհից տուժած ամենաաղքատ ընտանիքներից մեկը օգնության կարիք ունի
Տավուշի մարզի Չինչին գյուղում օգոստոստի 10-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Ալբերտ Համլետի Գյոզալյանի բնակելի տունը։ Կրակը մի քանի րոպեում «սրբել-տարել» է սոցիալապես անապահով ընտանիքի ողջ ունեցվածքը, իսկ նրանց սեփական տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ յոթ հոգանոց ընտանիքն այլևս ոչինչ չունի: Նրա խոսքով, ընտանիքին օգնելու համար գյուղապետարանը կազմակերպել է դրամահավաք՝ ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքի կացության հարցը լուծելու համար։
«Գյուղի ամենաաղքատ ընտանիքներից է, չորս անչափահաս երեխա ունեն, որից երեքը առողջական խնդիրներով: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ ընտանիքի տան հարցը լուծենք»,- ասաց Կարեն Դարբինյանը:
Գյուղապետը նշեց, որ դեպքին արձագանքել են Բերդի համայնքապետարանը, Տավուշի մարզպետարանը: Համայնքապետարանից խոստացել են ֆինանսական աջակցություն տրամադրել, բացի այդ, ըստ Կարեն Դարբինյանի, չինչինեցիներն իրենց համագյուղացուն օգնելու համար դրամահավաք են սկսել:
Գյուղապետի խոսքով՝ նախատեսում են Գյոզալյանների համար նոր տուն գնել:
«Ավելի լավ է նոր տուն գնենք, քան այրվածը վերանորոգենք: Հին տուն է, ավելի թանկ կարժենա, երկու-երեք տան գումար պիտի ծախսենք, որ դա վերականգնվի: Հիմա պետք է նրանց ծածկի հարցը լուծենք, իսկ հետագայում, եթե կկարողանան թող իրենց տունը սարքեն»,- ասաց Կարեն Դարբինյանը՝ հավելելով, որ գյուղում մի քանի տուն կա վաճառքի, բանակցություններ են վարում դրանից մեկը գնելու համար:
Ըստ նրա՝ Չինչինում տները վաճառվում են 5-10 հազար դոլարով:
Չինչինի գյուղապետարանը նաև դիմում է սրտացավ մարդկանց, որպեսզի տրամադրեն հագուստ, կոշիկ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ 12 տարեկան, 10 տարեկան զույգ տղաների և 13 տարեկան աղջիկ երեխայի համար:
Կարեն Դարբինյանն ասաց, որ Ալբերտ Գյոզալյանը հիմնական աշխատանք չունի, օրը մի տեղ մեկի համար բանվորություն է անում, իսկ նրա կինը ամռանը անտառից հատապտուղ է հավաքում ու վաճառում, այդպես փորձում են «հացի խնդիրը» լուծել, մի կերպ գլուխները պահել:
«Մեր խնդիրն է մեր համագյուղացուն օգնել, մենակ չթողնել, դրա համար դիմում ենք բոլորին, որ հնարավորության դեպքում ձեռք մեկնեն այս ընտանիքին: Կարևորը՝ գլխներին կտուր ունենան»,- նշեց Չինչինի գյուղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում