Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 642.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.5%-ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 25.9%-ով և կազմել 1 089.5 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը նվազել է 36.7%-ով՝ կազմելով 15.2 հազար հեգաջոուլ:
Դրան զուգահեռ ավելացել է ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը։ Մասնավորապես, հունվար-հունիսին ՀԷԿ-երն արտադրել են 1 մլրդ 341.9 մլն կՎտ ժամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.3%-ով:
Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5%-ով:
Վիճակագրության համաձայն, հողմային էլեկտրակայանների կողմից էլ այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 1.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 1.8 անգամ, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են 6.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թ-ի հունվար-հունիսի համեմատ աճելով 3 անգամ: