Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ:
Կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, որոնց միացել են նաև Արևիկ ազգային պարկի աշխատակիցները:
Օպերատիվ շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել երկու հանգամանքի վրա. նախապատրաստական աշխատանք, ուժերի համախմբում, ապա հրդեհաշիջման իրականացում: Պետք է գործի դրվի մարդկային ներուժը, դեպքի վայրում կենտրոնացվի անհրաժեշտ տեխնիկա և գործիքներ:
Օպերատիվ աշխատանքային խումբը՝ իրավիճակի վերլուծության և մասնագիտական քննարկման արդյունքում, պլանավորել է ըստ գերատեսչությունների կատարվելիք աշխատանքները: Քննարկման ընթացքում հատկապես ընդգծվել է ծանր տեխնիկայի աշխատանքի անհրաժեշտությունը, որի միջոցով պետք է սահմանազատել հրդեհի օջախները և կանխել դրանց տարածումը: Պետք է ունենալ ջրի բավարար պաշար՝ տեղանքի դժվարամատչելիության պատճառով, հրշեջ-փրկարարական մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում, ջրի սրսկիչներով հրդեհաշիջում իրականացնելու համար: Հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար կիրականացվի օդային հետախուզում:
Օպերատիվ աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խմբի անդամներին հանձնարարել է օպերատիվ կապ պահել տեղում աշխատանքները համակարգող, օպերատիվ շտաբի քարտուղար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի հետ: Հրդեհի տարածքում բջջային և ինտերնետային կապի հաճախակի խափանումներով պայմանավորված, մշտական կապ ունենալու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ ԱԻՆ կապի մեքենան ուղարկվել է հրդեհի գոտի:
ԱԻ նախարարի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի:
Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ քննարկման արդյունքները զեկուցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ. Երեկվա դրությամբ այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։
Տեղում աշխատում են շրջակա միջավայրի եւ արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների եւ մարզային կառույցների ներկայացուցիչները։
«Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,- գրել էր նախարարը:
Այսօր առավոտյան Էրիկ Գրիգորյանը հերթական գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ, շրջակա միջավայրի նախարարության Հայանտառ ՊՈԱԿ-ի, Զանգեզուրի կենսոլորտային համալիրի, մասնավորապես Արևիկ ազգային պարկի, Մեղրու ոստիկանության, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, մարզային և համայնքային կառույցների աշխատակիցներ և ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ։