ՀՊՏՀ-ում բարեփոխումների անվան տակ ապօրինություններ են կատարվում. Գագիկ Ասլանյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Ասլանյանը համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները բարեփոխումների մասին ուղղակի ականջահաճո արտահայտություններ է համարում։
Բուհում ստեղծված իրավիճակի, ռեկտորի պաշտոնակատարի հրավիրած ասուլիսի մասին Panorama.am-ի հետ զրույցում դասախոսն ասաց. «Ասուլիսն ուղիղ եթերով լսում էի, բարեփոխումների մասին էր խոսում, բայց դրանց բացարձակ մեծամասնությունը, բացառությամբ մրցույթի անցկացման կանոնակարգի, բուհի ռազմավարությունում հաստատված դրույթներ են, որի մասին հիմա նա բարձրաձայնում է, թե իր մտահղացումներն են։ Իր բարեփոխումների անվան տակ իրականում կատարվում են ապօրինություններ բառիս բուն իմաստով»։
Ինչ վերաբերում է դասախոսների մրցույթի անցկացման կանոնակարգին՝ Ասլանյանն ասաց, որ ընդունվել էր մի կանոնակարգ, որը հակասում էր թե Կրթության մասին օրենքի, թե Աշխատանքային օրենսգրքի և Բարձրագույն ու հետբուհական կրթության մասին օրենքի որոշակի կետերի։
«Մենք սրա հետ կապված հայցով դիմել էինք դատարան, որպեսզի կասեցվեր դա, դատարանը կասեցրեց, հետո մի քանի օր անց վերանայեց կասեցման որոշումը։ Ամբողջ հարցն այն է, որ վերանայեց, քանի որ համալսարանից սխալ տեղեկատվություն էին տվել՝ իբր ամբողջ գործընթացն ավարտված է և եթե կասեցվի՝ համալսարանը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունենալու, քանի որ մարդկանց հետ պայմանագրեր է կնքել և այլն։ Բայց այդ ամբողջը սուտ է, մինչև օրս հրապարակված չեն մրցույթի արդյունքները, դասախոսների բացարձակ մեծամասնությունը չգիտի, ով քանի ժամով պետք է դասավանդի սեպտեմբերի 1-ից, իսկ պայմանագրեր կնքված չեն որևէ մեկի հետ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նա մտահոգություն հայտնեց նաև մրցույթի թափանցիկության հետ կապված՝ նշելով, որ մրցույթի ընթացքում դասախոսները առանձին-առանձին են մտել ու հանձնաժողովի առաջ պատասխանել հարցերին, մյուս դասախոսները ներկա չեն եղել և չեն լսել մյուսների պատասխանները։
Անդրադառնալով Հայրապետյանի ատենախոսությանը, նա նշեց, որ այստեղ ուղղակի գրագողության ակնառու փաստեր կան։
«Ես լսեցի, որ նա հիմնականում շեշտադրում է կատարում խնդիրների ու հղումների, տեսական մասի վրա, բայց միանշանակ սուտ է խոսում։ Դոկտորական ատենախոսության մեջ տեսական վերլուծությունը պետք է լինի հեղինակինը, այլ ոչ թե այլ հեղինակների վերլուծությունը ներկայացնի՝ իբր ինքն է դա կատարել։ Նա ներկայացնում է, որ իր կատարած հետազոտության մեջ գրագողություն չկա, սակայն կրկին ստում է, քանի որ Երևան քաղաքի բնակիչների մասնակցային կառավարմանը վերաբերող հետազոտության մեջ նա գրագողություն է արել, այն եվրոպական ինչ-որ քաղաքում է կատարվել և դրա արդյունքները գրեթե 98 տոկոս ճշտությամբ կրկնում են այդ հետազոտությունը»,- ներկայացրեց դասախոսը։
Ասլանյանը հավելեց, որ եթե բուհի այօրվա ղեկավարությունը շարունակի պաշտոնավարել, ինքն այլևս չի դասավանդի այնտեղ։
Նա նաև հիշեցրեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետին, ներկայացրել են իրավիճակը ու դեռ սպասում են պատասխանի։
Հարակից հրապարակումներ`
- «ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իբրև իր մշակած բարեփոխումներ ներկայացվող քայլերն էլ յուրովի գրագողության արդյունք են»
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում. դասախոս
- Սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը համոզված է՝ որ դասախոսների մրցույթը փոխելու է իրավիճակը
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը
- Նախարարը հնարավոր գործազրկության մասին տեղեկություն չունի
- Մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում են ապօրինության համար
- ՀՊՏՀ-ը հայտարարվել է դասախոսների մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան