ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը համոզված է՝ որ դասախոսների մրցույթը փոխելու է իրավիճակը
«Ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելուց հետո այսպիսի մի խնդիր էր դրված մեր թիմի առջև, որ համալսարանը դարձնենք հարթակ, որտեղ այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան հմտություններ ու կարողություններ մեր մասնագիտությունների գծով, կարողանան վերարտադրել իրենց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն՝ անդրադառնալով համալսարանում տարեսկզբից մեկնարկած բարեփոխումներին և անցկացված թափուր դասաժամերի մրցույթին։
«Մեր երկրում, տնտեսության մեջ կա կադրերի էական պակաս՝ հատկապես որակի առումով, և դրանց մեծ մասը առնչվում են մեր մասնագիտական ուղղվածությանը։ Փորձում ենք այնպես անել, որ այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ մի ձև փոխանցել իրենց գիտելիքները, հմտությունները ուսանողներին, հնարավորություն ունենան դա անել։ Հետևաբար, բոլոր այն փոփոխությունները, զարգացման ուղղությունները, որոնք ամրագրված են մեր ծրագրում, բխում են հենց այս հիմնական խնդրից։ Առաջին իսկ ամիսներից սկսած մենք ՀՊՏՀ-ում կտրուկ բացառել ենք բոլոր տեսակի միջնորդությունները։ Հունվարի քննաշրջանի ընթացքում շուրջ 125 ուսանող ստիպված էր լքել համալսարանը, քանի որ այդ միջնորդությունների մեխանիզմն ամբողջությամբ վերացված էր, և իհարկե դժգոհություններ եղան նաև ուսանողների կողմից՝ ասում էին՝ փոփոխությունները շատ կտրուկ են, իրենք չեն կարող միանգամից հարմարվել այդ պահանջներին, մոտավորապես այն տեսակի դժգոհություններ, որոնք այսօր տեսնում ենք դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների կողմից»,- նշեց պաշտոնակատարը։
Հայրապետյանի խոսքով՝ փոփոխությունների արդյունքում իր տրամաբանական լուծումը ստացավ նաև թելադրությունների պրակտիկան. «21-րդ դարում լսարանում դասախոսի կողմից դասախոսությունը թելադրությամբ ներկայացնելն ուղղակի անթույլատրելի է։ Տրամաբանորեն դա նույն բանն է, ինչ որ դասախոսը չգա և չմտնի լսարան»։
Ինչ վերաբերում է դասախոսների մրցույթին՝ ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ սա իրենց կարևորագույն քայլերից մեկն էր։
«Կազմակերպեցինք դասախոսների մրցույթ, ստացել ենք շատ լավ արդյունքներ, որը սեպտեմբերից գործի դնելու արդյունքում, համոզված եմ, էապես փոխելու է իրավիճակը։ Թե գործող դասախոսները, ովքեր մրցույթի արդյունքում ստացել են համապատասխան բալեր և կարողացել են ճանաչվել հաղթող, թե նոր մասնագետները փոխելու են իրավիճակը տնտեսագիտական համալսարանում»,- նշեց Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է մրցութային կարգին, նա ասաց, որ համաձայն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի, մրցութային կարգը որոշում է տվյալ բուհը, այլ ոչ թե նախարարությունը և հետևաբար, այն հաստատվել է գիտական խորհրդի կողմից։
Հիշեցնենք, որ դասախոսների մրցույթ հայտարարելուց հետո ՀՊՏՀ-ի դասախոսների զգալի մասը հնարավորություն չի ունեցել շարունակել աշխատել բուհում, ինչի հետ կապված նրանք օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել և նամակ հանձնել վարչապետին, որպեսզի հսկողության տակ վերցնի համալսարանի խորհրդի կողմից ընդունված մրցույթի կանոնակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը
- Նախարարը հնարավոր գործազրկության մասին տեղեկություն չունի
- Տնտեսագիտական համալսարանի՝ բողոքի ակցիա իրականացնող դասախոսները նամակ են ներկայացրել վարչապետին
- Մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում են ապօրինության համար
- ՀՊՏՀ-ը հայտարարվել է դասախոսների մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան