Սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից. Ռուբեն Հայրապետյան
«Գրագողության այն շահարկումները, որոնք արվում է իմ ատենախոսության հետ կապված իրականում վերաբերում են դրա տեսական հատվածի այն գաղափարներին, մտքերին, որտեղ որ հղումների հետ կապված խնդիրներ կան, կամ դրանք բացակայել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։
«Ցավոք, իրական գիտական հետազոտությունների դաշտը կերտում ենք զրոյից։ Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչ հիմա պաշտպանվել են, որոնց մեջ որևէ խնդիր չի եղել, միևնույն է, համաշխարհային տնտեսագիտության առումով 99 տոկոս դեպքում ունեցել են զրոյական արժեք։ Հասկանում եք՝ աշխարհի համար հասկանալի չէ, թե մենք ինչով ենք զբաղված։
Ատենախոսությունների դեպքում կան խնդիրներ՝ չափանիշների հետ կապված, ինչպես նաև մեզ ծավալային այնպիսի չափանիշներ են տվել, որոնք աշխարհում ընդհանրապես ընդունելի չեն։ Ես նույնիսկ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո շարունակել եմ հետազոտական առումով աշխատել իմ վրա։ Իմ հետազոտության իրական հատվածներն ուղարկել եմ այնպիսի համաշխարհային մասնագիտացված ամսագրերի, որպեսզի արդյունք ստեղծվի ու համաշխարհային տնտեսության հարթակների համար ընկալելի ու տեսանելի հետազոտություն կատարել»,- ներկայացրեց նա։
Հայրապետյանի խոսքով, սրանով հանդերձ, գտնվում են մարդիկ, որոնք սեփական ատենախոսության հեղինակը չեն, բայց հայտարարում են, որ իր ատենախոսության տեսական հատվածում կան հղումների հետ կապված խնդիրներ։
«Ցավոք, մեր երկրում չկա կարգ, որ ԲՈԿ-ը կամ այլ մարմիններ հետադարձ ուժով կարողանան զրկել դոկտորական աստիճանից։ Ես ԲՈԿ-ի նախագահին էլ ասել եմ, որ քանի որ նախկինում եղել է նման զավեշտալի կարգավիճակ՝ մարդիկ մի քանի հազար ատենախոսություն են պաշտպանել զրոյական արժեքով, պետք է կարգ մշակել, որ ատենախոսները, համարելով նախկին չափանիշները սխալ, հրաժարվեն սեփական գիտական աստիճանից։ Համապատասխան կարգի առկայության դեպքում սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից, այն դեպքում, որ հիմա իմ ուսումնասիրությունը տպագրվում է համաշխարհային ամսագրերում, իսկ բողոքողները գոնե մեկ անգամ այդ հարթակներում չեն հայտնվել»,- նշեց ռեկտորի պաշտոնակատարը։
Հայրապետյանն ասաց, որ իր գիտական աստիճանն իրեն վնասից բացի՝ որևէ օգուտ չի տվել։
«Ներկայացրել եմ ատենախոսություն, որը շատ-շատ ավելի լավն է եղել, քան բոլոր այն մարդկանց ատենախոսությունները, որոնք աստիճանաբար պետք է ենթարկվեն հետազոտության, որպեսզի այս ամենի մեջ գոնե չնչին տրամաբանություն լինի, չէ՞ որ ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը համոզված է՝ որ դասախոսների մրցույթը փոխելու է իրավիճակը
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը
- Նախարարը հնարավոր գործազրկության մասին տեղեկություն չունի
- Տնտեսագիտական համալսարանի՝ բողոքի ակցիա իրականացնող դասախոսները նամակ են ներկայացրել վարչապետին
- Մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում են ապօրինության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան