Բրիտանացիները պատրաստվում են «կոշտ» Բրեքսիթին՝ զանգվածաբար գնելով առաջին անհրաժեշտության ապրանքներ
Մեծ Բրիտանիային սպառնում է «կոշտ» Brexit-ը։ Ոչ ոք հստակ չգիտի, թե Միացյալ Թագավորության ԵՄ-ից դուրս գալը ինչպես կազդի երկրի տնտեսության վրա, բայց կանխատեսումները չափավոր հոռետեսականից հասնում են մինչև ուղղակի աղետալիի: Այս մասին գրում է euronews-ը։
Այս ֆոնի վրա բրիտանացիները սկսել են զանգվածաբար գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ: Նրանք ԵՄ-ից դուրս գալուն պատրաստվում են ինչպես պատերազմի: Մասնագետների խոսքով՝ միայն վերջին ամիսներին Բրիտանիայի բնակիչները ծախսել են ավելի քան 4 միլիարդ ֆունտ՝ լրացնելով սննդի, խմիչքների ինչպես նաև դեղամիջոցների պահուսները:
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ը, անկախ նրանից ՝ Բրյուսելի հետ պատշաճ համաձայնություն ձեռք կբերվի, թե ոչ: Ջոնսոնը հայտնի է Բրեքսիթի վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշմամբ, ուստի փորձագետների և առհասարակ բիզնեսի ներկայացուցիչների մտահոգությունները անտեղի չեն:
Ընդհանուր լարվածությունն ազդում է ֆոնդային և արժութային շուկաների վրա: Անցած շաբաթվա ընթացքում ֆունտը հասել էր եվրոյի նկատմամբ իր ամենացածր մակարդակին 2016 թվականից ի վեր, երբ, փաստորեն, բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին: Այս կապակցությամբ Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին ասել է, որ «կոշտ Բրեքսիթը» երկրի համար կլինի իրական տնտեսական ցնցում։
Համացանցում անգամ բրիտանացիները կատակում էին, որ ֆունտի արժեքն այնքան է իջել, որ հավասարվել է եվրոյին ու նշում, որ կարող էին անգամ միանալ եվրոգոտուն։