Հունվար-հուլիսին ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց փաստաթղթերի ապրանքների մատակարարման 458 դեպք
2019 թվականի յոթ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 126 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը` ներկայացնելով իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ վիճակագրություն:
Նրա խոսքով՝ դրանց հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ, մասնավորապես, 89-ի նկատմամբ կազմվել է պարտավորությունների առաջադրման վերաբերյալ վարչական ակտ՝ 47.9 մլն դրամի չափով: Մնացած գործերը, ըստ փոխնախարարի, գտնվում են քննության փուլում:
Էդվարդ Հովհաննիսյանը նշեց նաև, որ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու մասին հոդվածով էլ արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ 21.5 մլն դրամի չափով: Արձանագրվել է նաև առանց փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության դեպքեր: Այս մասով, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, արձանագրվել է 458 դեպք, որից 361-ի մասով կազմվել են վարչական ակտեր՝ շուրջ 306 մլն դրամի չափով:
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներից իրականացվող ապրանքների ներկրման ժամանակ արձանագրվող չարաշահումներին՝ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ ներկրողները, ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծելու ժամանակ, ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում ավելի քիչ են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման իրական արժեքները: Դա նշանակում է, որ ներմուծելուց հետո ավելի քիչ հարկեր են վճարում:
«Այս մասով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, վերլուծություններ՝ ստացված հաշվարկային փաստաթղթերի և դրանցում արտացոլված արժեքների իսկությունը պարզելու նպատակով: Կան այդպիսի բացահայտված դեպքեր, որոնց մասով հարուցվել են քրգործեր: ԵԱՏՄ երկրներից այդ կարգի ներկրումները անհավասար պայմաններ են ստեղծում նմանատիպ գործունեությամբ զբաղվող օրինապաշտ հարկ վճարողների համար, այսինքն՝ մրցակցային դաշտը խաթարվում է»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Հաջորդ խնդիրն, ըստ նրա, վերաբերում է այն ընկերություններին, որոնք արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը: Այսպիսով , հարկ վճարողները խուսափում են ԱԱՀ վճարելուց: Այս ուղղությամբ ևս ՊԵԿ-ն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: