Disney-ը հնարավոր է նկարահանի նոր «Ալադինի» շարունակությունը
Disney ստուդիան քննարկում է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Comicbook պորտալի հետ զրույցում հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը։
«Կարծում են, որ պատմելու բաներ դեռ կան։ Այնպես որ, չբացահայտելով մանրամասները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե էլ ինչ կարելի է անել այս ֆրանշիզայի հետ»,- նշել է Լինը:
Միևնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռևս միայն խոսակցություններ են, և ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում:
Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ է մտել մայիսին և ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը, իսկ Ջինային՝ Ուիլ Սմիթը:
Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել է 1992 թվականին։