ԶԼՄ-ներ․ Թուրքիան մտադիր է ամերիկյան F-35-ի փոխարեն գնել ռուսական Су-35
Թուրքիայի ղեկավարությունը քննարկում է ռուսական Су-35 կործանիչների գնումը: Ռուսաստանի Դաշնությունից ռազմական ինքնաթիռները, ինչպես նշում է թուրքական «Yeni Safak» թերթը, կարող են Անկարայի համար այլընտրանք դառնալ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների փոխարեն: Այս մասին գրում է Tass-ը։
Հրապարակման համաձայն, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են առաջարկը: Թուրքիայում համապատասխան գերատեսչությունները ուսումնասիրում են Су -35 կործանիչի առանձնահատկությունները:
Անկարայի կողմից ռուսական ինքնաթիռների նոր սերնդի դրական գնահատականների դեպքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները կսկսեն պաշտոնական շփումներ Թուրքիայի կողմից Су-35-ի հնարավոր գնման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սպիտակ տան խոսնակը գրավոր հայտարարությամբ ասաց, որ Թուրքիայի որոշումը՝ ձեռք բերել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր, Թուրքիայի համար անհնարին է դարձնում շարունակել մասնակցել հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրին: