«Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում:
Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը:
Վարչապետը Մարությանին հիշեցրեց, որ մինչ քաղաքապետ դառնալը նա ասում էր՝ մայրաքաղաքում աղբահանության հետ կապված լուրջ խնդիրներ կան:
«Հիմա ինչո՞ւ է մեր քաղաքում աղբահանության հետ կապված խնդիր առաջացել»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Մարությանը նշեց, որ ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրի հիմնական կետը վերաբերում էր աղբահանությանը: Այսինքն, ըստ քաղաքապետի, այդ պահին դա լուրջ խնդիր էր. «Ավելի վատ էր, քան հիմա»:
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքային նախկին իշխանությունների սխալը եղել է այն, որ մեկ ընկերության են թույլ տվել աղբահանությամբ զբաղվել:
Հայկ Մարությանը նշեց, որ «Սանիթեք» ընկերության հետ նորմալ պայմանագրեր են կնքված, ձեռնտու է եղել թե քաղաքապետարանին, թե «Սանիթեք»-ին:
«Հավասարակշված պայմանագիր է, երկու կողմն էլ լավ պաշտպանված են, եթե կատարում են իրենց պարտականությունները»,- ընդգծեց նա:
Այդուհանդերձ, ըստ նրա, «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունը: Նրա խոսքով՝ ընկերությունը աղբահանության գործը ձախողել է, իսկ ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ «Սանիթեք»-ը լավ չի տիրապետում ոլորտին:
Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարո՞ւմ է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Քաղաքապետի միակ պարտավորությունը գումարը տալն է: Մենք ժամացույցի պես վճարել ենք գումարը, ինձ թվում է, որ մեզանից առաջ էլ է այդպես եղել: Այնպես չէ, որ գումարը չկա, գումար կա, որը հաստատված է բյուջեով: Այս տարվա համար նախատեսված է մոտ 5,2 մլրդ դրամ ու ժամացույցի պես փոխանցվում է։ Իսկ ընկերությանը մնում է միայն անել իր աշխատանքը»:
Վարչապետի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, քաղաքապետն ասաց, որ օբյեկտիվ պատճառներից է նաև այն, որ ընկերությանը պատկանող շարժակազմը շարքից դուրս է եկել, քանդված է։ Ըստ նրա՝ պայմանագրում նշված է, որ ընկերությունն ամեն տարի մայրաքաղաքում պետք է տեղադրի 16 հազար մետաղական աղբաման, մինչդեռ հիմա տեղադրված աղբամաններից ընդամենը 99-ն է մետաղական, իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կա շուրջ 5000 աղբաման։
Հայկ Մարությանը նշեց նաև, որ պայմանագրի համաձայն, աղբամանները 80%-ից ավելի լցվածություն չպետք է ունենան, իսկ եթե դրանից ավելի է, ապա պետք է հավաքվի, եթե չհավաքվեց, համարվում է, որ աշխատանքը չի կատարվել: Դրանից հետո քաղաքապետարանը զգուշացնում է ընկերությանը և եթե դարձյալ չի կատարվում, ապա տուգանում են ընկերությանը:
Այսպիսով, ըստ քաղաքապետի, ծառայության վատ մատուցման համար «Սանիթեք»-ին տուգանել են. «Իրենք ասում են, որ տուգանքներն անհիմն են և մեզ դատի են տվել: Ասում են՝ տուգանքներն ազդել են մեր աշխատանքի վրա, բայց մեր տուգանքները կազմում են մեր կողմից տրված գումարի ընդամենը 3 տոկոսը: Նրանք ասում են՝ տուգանքներն անհիմն են, իսկ ես ասում եմ՝ 1 մլն բնակիչ ամեն օր դուրս է գալիս ու տեսնում է, որ այդ տուգանքը հիմնավոր է, քանի որ 3 տոկոս տուգանքը նվազագույնն է, ինչ քաղաքապետարանն անում է։ Բացելով չակերտներն՝ ասեմ, որպեսզի իրենք վերջնական մահանան, դրա համար մենք չենք գնում ավելի կոպիտ, կտրուկ գործողությունների»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան