Արթուր Իսրայելյանը՝ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:
Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000
թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների
համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ
արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:
2004-2007 թթ. եղել է Դամասկոսի համալսարանի բանասիրության և հումանիտար
գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ: 2007 թվականին
Դամասկոսի համալսարանում պաշտպանել է «Պատերազմական արվեստը Մամլուք
Բահիրիների դարաշրջանում (1250-1382 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝
ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է:
2010-2014 թթ. նա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի
արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը: 2011 թվականից Արթուր
Իսրայելյանը ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման
ամբիոնի դոցենտ է, 2015 թվականից՝ ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի
ղեկավարը: 2014-2019 թթ. Արթուր Իսրայելյանը եղել է ԵՊՀ միջազգային
հարաբերությունների ֆակուլտետի դեկանի՝ արտաքին կապերի գծով տեղակալը: 2019
թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԵՊՀ
հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Արթուր Իսրայելյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է
հայ-արաբական պատմամշակութային առնչությունները, արաբական աշխարհը
միջազգային հարաբերություններում, իսլամագիտությունը, արաբական միջնադարյան
պատմությունը և մշակույթը, կորեագիտությունը, չինական պատմագրությունը և
գրերը:
Արթուր Իսրայելյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և
դրամաշնորհային ծրագրերի: 2009 թվականին Կահիրեում նա արժանացել է
«Արաբերեն լեզու և մշակույթ» և «Հայ-եգիպտական 15-ամյա դիվանագիտություն և
բարեկամություն» հուշամեդալների, իսկ 2014 թվականին՝ ԵՊՀ ռեկտորի
շնորհակալագրի:
Արթուր Իսրայելյանը «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի
գիտական խորհրդի անդամ է: