ՀՀ ԱԳ նախարար․ Փաշինյան-Թրամփ հանդիպումը եղել ու մնում է մեր օրակարգում
«Բավական առիթ ունեցել ենք խոսելու ԼՂ հարցով բանակցային դինամիկայի մասին։ Վերջին հանդիպումը կայացել էր 2 ամիս առաջ, դինամիկան պահպանվում է ու այն շարունակվելու է։ Մենք երբևէ սպասեցնել չենք տվել, մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը։ Ինչ վերաբերվում է ժամկետներին, ապա նորից պետք է խնդրեմ մի փոքր համբերությամբ լցվել, որովհետև հանդիպման մասին հայտարավում է այն ժամանակ, երբ այն արդեն համաձայնեցված է»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԼՂ հարցով հետագա բանակցությունների մասին հարցին։
ՀՀ-ԱՄՆ երկխոսությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը բավարար է համարում
«Ուշադրություն դարձնենք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև այս շրջանում։ Այս տարվա ընթացքում երկխոսության շարունակականությունն ու մակարդակը մեզ համար սկզբունքորեն բավարար է»,- ասաց Մնացականյանը։
Պատասխանելով սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ու ամենաբարձր մակարդակով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման հարցին, ԱԳ նախարարն ասաց, որ «սա եղել ու մնում է մեր օրակարգում»։
«Վստահ եմ, այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային եթե գնահատական տանք, այս առումով մենք ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության որևէ դեֆիցիտ չենք ունեցել այս տարվա ընթացքում»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
«Արցախը Հայաստանն է» հայտարարության ազդեցությունը բանակցությունների վրա
«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որևէ նոր ավելացնելու բան չկա, ամենն ասվեց Ստեփանակերտում։ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նույնպես վերահաստատվեց այն, ինչ ասվել էր Ստեփանակերտում։ Մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվելու այն դիրքորոշումներից, մոտեցումներից, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը և մեր հավատարմությանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ
ԱԳ նախարարը, խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինվորի մասին, ասաց, որ սա շատ զգայուն հարց է ու այս առումով Արցախի ԱԳ նախարարության կողմից արվել է հայտարարություն, որում ասվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
«Հաշվի առնելով հարցի զգայունությունը, կսահմանափակվեմ այդ հայտարարությամբ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ԱՄՆ-ի կողմից այս տարի Ղարաբաղին տրամադրվելիք օգնության չափի կրճատումը
«Սկզբունքորեն սա յուրաքանչյուր տարի ԱՄՆ վարչակազմի, ներկայացուցիչների պալատի, սենատի միջև բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է։ Սա նաև օրակարգ է մեր երկկողմ երկխոսության մեջ ԱՄՆ-ի հետ բոլոր մակարդակներով։ Մենք աշխատում ենք այս հարցերի շուրջ, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, ու այն շատ ակտիվ քննարկվող հարց է»,-ասում է ՀՀ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով հայկական 2 կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, ԱԳ նախարարն ասաց, որ այս հարցը պետք է ուսումնասիրի։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարն այսօր ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային։ ԱԳ նախարարները հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով ու պատասխանեցին լրագրողների հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան