ՀՀ ԱԳ նախարար․ Յուրաքանչյուր հայի համար Ուրուգվայը պարունակում է նաև էմոցիոնալ զգացում
«Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է, ինչպես նաև Ուրուգվայը յուրաքանչյուր հայի համար պարունակում է մեծ էմոցիոնալ զգացում։ Սա այն երկիրն է, որը դեռևս 1965թ․-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և 2004թ․-ին օրենքով էլ ավելի ամրապնդեց այդ ճանաչման փաստը»,-այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Ուրուգվայի հետ միջպետական հարաբերությունները հիմնվում են համընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, և այդ առումով համատեղ նպատակներն առաջա տանելու համատեղ գերակայութայն վրա, որի համար համագործակցում են նաև միջազգային հարթակներում։ Ուրուգվայն աջակցում է Հայաստանի այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը։
Նախարարը նշեց, որ երկկողմ օրակարգում անդրադարձ է եղել հարաբերությունների բազմաթիվ հարցերի, քաղաքական երկխոսության շարունակականությանը, Ուրուգվայի մոտ 20 հազարանոց հայ համայնքի դերին՝ որպես 2 երկրների հարաբերություններում կամուրջի։
«20 հազար հայը ոչ միայն նվիրված քաղաքացիներ են Ուրուգվայի և մասնակցում են երկրի սոցիալ-տնտեսական քաղաքական, գիտական կյանքին, այլ նաև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը՝ որպես հայ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Կողմերը կարևորել են նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվությունը, նշվեց, որ ձևավորված է միջխորհրդարանական բարեկամության խումբը։
ԱԳ նախարարները քննարկել էին նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր։
«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումներն ու դրանց տրամաբանությունը։ Վերահաստատեցի, որ ԼՂ բնակչության, մեր հայրենակիցների անվտանգությունը եղել և մնում է գերակա մեր մոտեցումներում, ինչպես նաև դրանից բխող ստատուսի հարցը»,-ասաց ԱԳ նախարարը, հավելելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանհք չունի։
ԱԳ նախարարը նաև նշեց, որ այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք կարևոր իրադարձություն․ Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն, որի շուրջ քննարկումները եղել էին Նյու Յորքում նախորդ տարի։