Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի. Վանեցյան
«Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- այս մասին նշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունիի հետ հանդիպմանը։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, նա հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:
Դեսպան Թ. Էրլունը նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ տարբեր հանցագործությունների դեմ պայքարի և ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կադրերի վերապատրաստման, կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի բնագավառում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: