Անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ անչափահաս
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է:
ՔԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 13-ին «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 2004թ. ծնված պատանի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ձախակողմյան պնևմոթորաքս ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.: Նույն օրը վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել առգրավումներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: