Քանի տուն ու բնակարան կա Հայաստանում
Հայաստանում բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 94.9 մլն. քառ. մ, այդ թվում քաղաքներում` 53.8 մլն. քառ. մ (56.8%), գյուղերում` 41.0 մլն. քառ. մ (43.2%): Նշենք, որ բնակարանային ֆոնդը ներառում է բնակարանները, տները, ինչպես նաև՝ հանրակացարաններն ու ժամանակավոր բնակելի տարածքները։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 28 մլն 487,8 հազ. քառակուսի մետր, շենքերի քանակը՝ 19 174 միավոր, բնակարանների քանակը`444 095 միավոր:
Նշենք նաև, որ հանրապետության բնակֆոնդում 9 և ավելի հարկանի շենքերի քանակը կազմում է 2 755, որից 2 077-ը՝ Երևանում:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Երևանում բնակֆոնդը կազմում է 26 մլն 265, 2 հազար քմ: Բնակարանային ֆոնդի մակերեսով Երևանին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատն ու Արմավիրը։ Իսկ ամենափոքր կշիռը Վայոց ձորինն է։
Ինչ վերաբերում է բնակելի տներին, ապա, ըստ վիճակագրության, բնակելի տների բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 66 մլն 92,5 հազ. քառակուսի մետր:
Առանձնատների քանակով ևս Երևանը գերազանցում է մարզերին։ Հանրապետությունում կա 406 հազար 218 առանձնատուն, որից 60 հազար 473 -ը՝ միայն Երևանում։
Նշվում է նաև, որ հանրապետության մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսով 2018թ. վերջին կազմել 32 քառակուսի մետր: