Կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում. Փաշինյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց , թե ինչ աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում բռնկված խոշոր հրդեհի մարման ուղղությամբ։
Նախարարը նշեց, որ գիշերը լրացուցիչ ուժեր են ուղարկել։
«Գիհիները տակից վառվում են, դա աննկատելի է, կրակն անընդհատ տակից անցնում է, մի օջախն անցնում է, երկրորդն է առաջանում, Խոսրովում էլ է դա եղել, շաբաթներով անընդհատ վառվել է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարը հայտնեց, որ երեկ մոտ 2 հա տարածություն է այրվել. «Փրկարարները այդ տարածության դեմը ճանապարհով փակել են: Մեր աշխատակիցներն ինձ վստահեցրել են, որ մինչև 16:00-ն կպահեն, ոչինչ չի լինի, հետո կերևա՝ ինչ է շարունակությունը լինելու, քանի որ եղանակի տաքացման հետ կապված, քամի լինելու դեպքում, տարածման վտանգը միշտ կա: Հիմա այսօր առավոտյան 6-ից հանգցնում են, ենթադրենք հանգցնում են 15 օջախ, մեկ ուրիշ տեղ նոր օջախներ են գոյանում»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ սարի գագաթին արդեն ջրի մեքենա էլ է հասել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ վիճակագրության համաձայն, բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83.9%-ով։
Վարչապետը կոչ արեց բնության միջավայրում ցուցաբերել պատասխանատվություն. «Այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է»։
Նա նշեց, որ հրդեհների հարցով պետք է օպերատիվ աշխատանք տարվի. «Կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում։ Այստեղ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»:
Հարակից հրապարակումներ`
- Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Հրդեհ՝ «Արևիկ» ազգային պարկի հատվածում
- «Արևիկ» ազգային պարկի հրդեհը մեկուսացվել է
- Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ