А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը Մերձմոսկովյան շրջանում այսօր վթարային վայրէջք է կատարել։ Այն հայտնվել է եգիպտացորենի դաշտում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ են հայտնվել, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել է վթարային վայրէջք կատարել Ռիբինսկոյե գյուղի մերձակայքում։
Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ: Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Նրանք հիմնականում քերծվածքներ և կապտուկներ են ստացել։
Իր հերթին, «Ռոսավիացիան» հայտնել է, որ տուժածներից չորսին հոսպիտալացրել են։