Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
ՀՀ կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Չնայած, որ փորձաքննության մի քանի հարյուր էջում նշվում է, որ շահագործման արդյունքում տեղ գտած բացասական ազդեցությունը այդքան էլ վտանգավոր չէ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ փորձաքննության արդյունքները մինչև վերջ չեն ներկայացվել և հանքի շահագործումը խիստ վտանգավոր է։
Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարեց, որ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարող է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել. «Այսպես եզրակացության մեջ գրել է փորձագիտական խումբը։ Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ հարցին հնարավոր չէ պատասխանել, եթե այդ վերլուծությունները անվստահելի են, գնահատումները թերի են, ապա ինչպե՞ս է քննչական խմբի ներկայացուցիչը ի լուր ամբողջ ժողովրդի եզրակացնում, որ ոչ մի խնդիր չկա»։
Բնապահպան Աննա Շահնազարյանն էլ կառավարության անդամներին հրավիրեց դուրս գալ և ծանոթանալ իրենց ուսումնասիրությանն ու փաստերին. «Հարգելի կառավարություն, ձեզ խաբում են, շատ պարզ հայերենով, անգլերենով գրված փաստերը հնարավոր չէ մանիպուլացիայի ենթարկել։ Այն, ինչ ասում եք հիմա կառավարությունում, իրականությանը չի համապատասխանում։ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է և ենթակա է ուժը կորցրած ճանաչելու։ Կառավարության միակ գործողությունը հենց դա պետք է լինի, կոչ ենք անում հենց հիմա ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչել դրա հիմքով, որովհետև «Լիդիան Արմենիա» ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Հայաստանի կառավարությանը։ Այլ տեսակի քննարկում չի կարող լինել»։
Բնապահպանները նաև հիշեցրեցին, որ Ջերմուկ համայնքը դեմ է հանքի շահագործմանը և կապ չունի թե ինչ որոշում կկայացվի։
«Այս պահի դրությամբ որևէ քննարկում, որ Լիդիանը կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով շարունակել ծրագրի շահագործումը՝ ապօրինի որոշում է, բացարձակապես զուրկ օրինականության և լեգիտիմության հիմքերից։ Պահանջում ենք կառավարությունից ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել»,- հայտարարեցին հավաքվածները։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
- Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն
- Ամուլսարում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած խուլիգանության քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
- Ամուլսարի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում
- Քաղաքացիներն արգելել են քննիչների ու փորձագետների այցը Ամուլսար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը. ՔԿ
- Լարված իրավիճակ Ամուլսարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան