Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում. Ռուստամ Բադասյան
«Նման դիտարկումներ չեմ լսել,որ առաջարկվող փոփոխությունը որևէ մեկի կողմից դիտարկվում է որպես կաշառք», - այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանն` անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին քննարկումներին:
Նրա խոսքով՝ վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել է տարբեր երկրներում, ընդունված միջոց է անցումային շրջանների համար.«Մենք նախագծով նախատեսել ենք այդ միջոցը և սպասում ենք կառուցողական առաջարկների»։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ «նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ կազմավորման մոդելը»:
Դիտարկմանը, թե ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն այս նախաձեռնության առնչությամբ ասել է՝ չի պատրաստվում անաշխատ եկամուտ ունենալ, Ռուստամ Բադասյանն ասաց, որ ցանկացած պարագայում ՍԴ դատավորը կենսաթոշակ ստանում է: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկում են, որ դատավորի հրաժարականի դեպքում մինչև 65 տարեկանի հարցը կարգավորել, այսինքն` ցանկացած դեպքում դատավորը ստանում է որոշակի վարձատրություն պետության կողմից։
Հարցին՝ սա քաղաքակա՞ն որոշում է, որպեսզի ազատվեն ՍԴ գործող դատավորներից, Արդարադատության նախարարը պատասխանեց. «Ոչ, այս ամենը բխում է ստեղծված իրավիճակից ու ստեղծված իրավիճակում առաջարկվող օրենսդրական լուծում է: Ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական որոշում, նշանակում է քաղաքական, որը չի կարող դուրս գալ ու չի դուրս գալիս իրավական պետության սկզբունքների շրջանակներից»:
Ռուստամ Բադասյանը նշեց նաև, որ առաջարկվող փոփոխությունը կամավորության սկզբունքով է լինելու:
Լրագրողի հարցին՝ սա նաև ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակի արձագա՞նքն է, նախարարն արձագանքեց. «Բազմիցս ասել եմ, որ պարոն Գրիգորյանի նամակի ինչ-որ հատված կա, որը կարող է հիմնավորումների հետ համընկնել, բայց նախագծի նպատակը Սահմանադրության 2015 թվականին փոփոխություններով սահմանված մոդելի ՍԴ ունենալն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին