Բնապահպան ակտիվիստներին թույլ չտվեցին մտնել կառավարության շենք
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող բնապահպան ակտիվիստներից հինգը ցանկանում էին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները պատնեշ կազմելով՝ թույլ չտվեցին նրանց մուտք գործել շենք։
Ակտիվիստները ցանկանում էին մտնել կառավարության նիստերի դահլիճ և կառավարության անդամներին ներկայացնել իրենց փաստերը։
«Ասում են փակ նիստ է, սպասեք ավարտվի, ինչ-որ մեկը կիջնի ձեզ հետ հանդիպման, իսկ մենք ասում ենք, որ նիստին ենք ուզում մեր փաստերը ներկայացնենք»,- նշեցին մասնակիցներից։
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց Ամուլսարի շահագործման մասով Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբի եզրակացությունը։
Այուհետև բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խոստացավ ակցիայի մասնակիցների հորդորը և գրավոր պահանջները փոխանցել վարչապետին։
Մասնակիցները նշեցին, որ իրենք անձամբ են ցանկանում հանդիպել վարչապետին և ներկայացնել իրենց փաստերն ու մտահոգությունները փորձագիտական եզրակացության արդյունքների վերաբերյալ։
Վարչապետի օգնականը հեռացավ՝ խոստանալով վարչապետի հետ խոսելուց հետո կապվել նրանց հետ, սակայն ժամկետներ չնշվեց։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ով անդրադարձավ ակցիայի ժամանակ հնչած այն հայտարարություններին, թե Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը կապ ունի իր հոր հետ։
«Ինձ մի քանի ամիս առաջ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իմ և իմ հոր անվան հետ կապված։ Ես դա փոխանցել եմ անձամբ Տիգրան Ավինյանին, որ նման թեմա կա։ Նաև փոխանցվել է համապատասխան մարմիններին, որ նման նյութ կա։ Նաև պատրաստվում էի այն ժամանակ խոսել, ես պահելու բան չունեմ։ Բացարձակապես այդ տեղեկությունը իրականության հետ աղերս չունի։ Ես հիմա մտածում եմ՝ արդյոք կարող եմ դատի տալ։ Իմ հայրը տարիներով Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել, բայց այդ ընկերության հետ կապը անպատկերացնելի է։ Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞», - նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
- Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան