Մեկ օր՝ «կանալիզացիա»-ի ինքնակոչ տիրոջ և կոյուղագծից զրկված բնակիչների կյանքից
Աղյուսագործների 86 հասցեում բնակվող 4 ընտանիք՝ 20 մարդ, զրկվել են կոյուղուց։ Բնակիչների խոսքով՝ արդեն 4 ամիս է կոյուղագիծ չունեն, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում են իրենց տների բակեր։
Ըստ բնակիչների՝ կոյուղագիծը փակել են Ռոստոմյան 91 հասցեի բնակիչները։
Բնակիչները նշում են, որ տարածքում գարշահոտություն է տիրում, ավելին, կոյուղաջրերը լցվել են 86 հասցեի վերջին տան հիմք, որտեղ որդեր են լցվել, և ստիպված այդ տան բնակիչը լքել է իր իսկ բնակարանն ու հիմա վարձով է ապրում, իսկ որդին էլ զինվորական ծառայության մեջ է գտնվում։
Բնակիչներից մեկը՝ Մարիամ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձել են բանակցել կոյուղագիծը փակած բնակիչների հետ, սակայն իրենց որևէ մեկը չի լսել։
«Դարպասի դռները չեն էլ բացում։ Մի անգամ մեր բակից փորձեցինք խոսել, բայց նրանք պատասխանեցին՝ արդեն ուշացել եք, խոսելու ոչինչ չկա: Սա վկայում է, որ դիտավորյալ են խցափակել: Լինելով դատարանի դատավոր՝ պետք է հասկանային, որ չկա որևէ դատական ակտ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը թույլ կտա նրանց փակել կոյուղագիծը»,- նշեց նա։
Բնակիչների խոսքով՝ պատրաստ են իրենց գումարներով նոր կոյուղագիծ կառուցել, սակայն քաղաքապետարանից ասում են՝ պետք է 700-1000 դոլար ծախսել, սակայն ընդամենը մեկ տարի կարող են այդ կոյուղագիծը շահագործել։
«Մեկ տարի հետո ի՞նչ անեմ, կանգնեմ կոտրած տաշտակի առա՞ջ։ Դա քաղաքապետարանից են ասում՝ Սողոմոնյանների առաջարկով»,- ասաց 84 տան բնակիչ Աննա Արսենյանը։
Աղյուսագործների 88 տան բնակիչ Աննա Օհանյանն էլ նշեց, որ ժամ առ ժամ անտանելի է դառնում այդտեղ ապրելը։ Մանկահասակ երեխաների մայրը պատկան մարմիններին խնդրում է, որ օր առաջ խնդրին լուծում տան։
Բնակիչների խնդրին ծանոթանալու էին եկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան ու Վահե Էնֆիաջյանը:
Սոնա Աղեկյանը նշեց, որ մեկ շաբաթ է, ինչ ծանոթ է Աղյուսագործերի 86 հասցեում ապրող բնակիչների խնդրին։
«Տեղում ֆիքսել ենք, որ կոյուղագիծն ապօրինաբար փակվել է: Ռոստոմյան 91 հասցեի բնակիչն ինքնիրավչություն է դրսևորել՝ խախտելով 4 տների իրավունքները: Երևանի քաղաքապետարանը՝ մեզ պարտադրված քաղաքապետի հետ, կրկին անգամ ապացուցում է, որ անմեղսունակ է և չի հետաքրքրվում բնակիչների խնդիրների լուծմամբ։ Այստեղ համաճարակի լուրջ խնդիր կա»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավորները, Սոնա Աղեկյանն ու բնակիչները գնացին քաղաքապետարան:
Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։ Նա ասաց, որ խնդրին ծանոթ է։ Վերջինս փորձեց բնակիչների հետ խոսել, սակայն խոսելու ժամանակ Սոնա Աղեկյանն առաջարկեց իր հետ բերած տարայից շնչել կոյուղաջուրը, Արարատ Խաչիկյանը փորձեց տարան հետ տանել, սակայն Աղեկյանը կրկին այն տարավ վարչության պետի մոտ։ Վերջինս թափեց տարայի պարունակությունը, ինչից հետո Աղեկյանն այն նետեց քաղաքապետարանի աշխատակիցների ուղղությամբ։ Դրանից հետո նրան բերման ենթարկեցին՝ տանելով Ոստիկանության կենտրոնի բաժին:
Միջադեպից հետո հետո ԲՀԿ-ական պատգամավորներն ու բնակիչներն ուղևորվեցին ոստիկանություն։ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե էնֆիաջյանը մտան ոստիկանություն, որոշ ժամանակ հետո այնտեղից դուրս եկան՝ հայտնելով, որ զրուցել են ոստիկանության բաժնի պետ հետ, վերջինս վստահեցրել է, որ որոշ պարզաբանումներից հետո Սոնա Աղեկյանին ազատ կարձակեն։
«Որևէ խնդիր չկա, անհոգ եղեք։ Ուղղակի սահմանված ընթացակարգեր կան, որից հետո նա դուրս կգա»,- բնակիչներին ասացին պատգամավորները։
Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կարող են փաստել՝ քաղաքային իշխանություն, որպես այդպիսին, չկա։
«Սա չի նշանակում, որ նրանք, որոնք մտահոգ են իրենց քաղաքի, երկրի համար, պետք է ձեռքները ծալեն ու նստեն՝ ասելով, որ թող Երևանը վերածվի կոյուղաքաղաքի, աղբաքաղաքի։ Ցավոք սրտի, մեր հնարավորությունները սակավ են մեր սիրելի երևանցիների «դմփ-դմփ-հու»-ների տակ կատարած ընտրության արդյունքում։ Բայց հիմա դրա մասին չենք խոսում, հիմա պետք է մտածենք՝ ոնց անենք ստեղծված իրավիճակից քաղաքը փրկելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, նաև, որ քիչ առաջ Սոնա Աղեկյանը դուրս եկավ ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան