«Հրապարակ». Որքան արժեն Արագածոտնի մարզպետի գործուղումները և մարզպետարանի ծախսերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր և հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տեղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը և մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով։
Մինչդեռ մարզից 7-8 ավտոբուս է կիսադատարկ մեկնել Արցախ՝ տեղափոխելով խաղերի մասնակիցներին: Երեկ փողոցներում ակցիաներ անող մարզպետներն այնքան են հոռացել այս ընթացքում, որ այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում։ Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ։ Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց ե՛ւ գումար, ե՛ւ բենզին ստանալով:
Մենք դիմեցինք Արագածոտնի մարզպետարան, որ պարզենք՝ հունվար-օգոստոս ամիսներին քանի՞ անգամ է գործուղման մեկնել մարզպետը, ի՞նչ գործուղումներ են եղել դրանք, ո՞ր երկրներ, որքա՞ն գումար և բենզին է հատկացվել, և կոնկրետ համահայկական խաղերին մասնակցությունն ի՞նչ է նստել մարզպետարանի վրա, բայց մեզ ասացին, որ մեր հարցերին արագ պատասխանել չեն կարող։ Սպասում ենք պատասխանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում