Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել. Փաշինյան
Կոտայքի մարզն ունի արդյունաբերական մեծ պոտենցիալ։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը։ «Այսօրվա հավաքը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր: Սա կարևոր արձանագրում է, որ անընդհատ պետք է անենք, և ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև մեր գործողությունները պետք է միտված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և քաղաքական առաջնային խնդիրներից է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան զարգացնել արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը:
Ըստ նրա՝ սա կարևոր ու նուրբ աշխատանք է, որ առաջիկայում պատրաստվում են անել: «Մենք արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն, այլ ոչ թե «նստեցնում ենք» աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը»,- ընդգծեց վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել:
«Ուզում եմ նրանց գնահատանքի խոսքեր ասել։ Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, որոնք բացի արդյունաբերությունից որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, որևէ բան չեն ուզում տեսնել»,- ասաց վարչապետը։
Նա միաժամանակ նշեց, որ որևէ կերպ չեն նստեմացնում տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ տուրիզմին՝ ընդգծելով, որ Կոտայքը նաև մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից մեկն է, իսկ զբոսաշրջության զարգացումը վարչապետը համարում է Կառավարության առաջնահերթություններից մեկը։
Նշվեց նաև, որ մարզում կան բարձր տեխնոլոգիական ընկերություններ, և Կառավարությունն այս ուղղությամբ ևս քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները «ոտքի կանգնելու» հնարավորություն ունենան։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կառավարության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերական գյուղատնտեսությունը, որի մասով ևս Կոտայքի մարզը մեծ պոտենցիալ ունի:
«Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով նկատի ունեմ, որ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է»,- ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ռացիոնալությունը Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկն է. «Ցավոք, շատ դեպքերում կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներում։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց հնարավորինս ստեղծել ավելի շատ արդյունք։ Հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը»: