Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են
Panorama.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
-Պարոն Աբրահամյան, վերջին օրերին հակասական լուրեր են շրջանառվում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ դիրքային առաջխաղացում է ունեցել, հայկական կողմը հայտարարում է, որ մի շարք բարձունքների նկատմամբ վերահսկողություն է սահմանել: Իրականում ինչ է տեղի ունենում սահմանին:
-Իրականում սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են, որոնցով կողմերը փորձում են իրենց համար առավել նպաստավոր դիրքավորում ապահովել: Ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է քարոզչական փուչիկ փչել, թե իբր տարածքային առաջխաղացում ունեն, սակայն իրականում, այն օրվանից, ինչ Տավուշի հատվածում, սահմանային պահպանությունն ադրբեջանական հատվածում ստանձնեց այդ երկրի սահմանապահ ծառայությունը, իրենց հատվածում դիրքային տեղաշարժեր են: Կրկնում եմ՝ դիրքային տեղաշարժերը Ադրբեջանի տարածքում են: Հասկանալի է, որ ծառայության վրա նոր խնդիրներ են դրվել, որն իրականացնելու շրջանակներում նոր դիրքային ենթակառուցվածքներ են ստեղծվում կամ հները բարելավվում, երկրորդ, այդ ծառայությունն ու նրա ղեկավարը հատկապես այս փուլում փորձում են նաև իմիջային հարցեր լուծել՝ ցույց տալ, որ ոչ պակաս մարտունակ են ադրբեջանական բանակից: Որոշակի առումով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ու բանակը մրցակցության մեջ են՝ յուրաքանչյուրը փորձում է իր վերադասին ներկայացնել, որ դրված խնդիրը հենց ինքն է ամենաէֆեկտիվն իրականացնում: Այն ինչ կատարվում է սահմանի ադրբեջանական հատվածում իրականում մարտավարական կամ ռազմավարական առումով Ադրբեջանին որևէ առավելություն չի տվել, հակառակը, ժամանակի ընթացքում, մի շարք հատվածներում, հայկական կողմին հաջողվել մարտավարական ու ռազմավարական բնույթի առաջադրանքներ լուծել, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, տարբեր խնդիրներ լուծելիս, մեր քայլերն առավել արդյունավետ են դարձնելու:
-Արդյո՞ք այս գործընթացները նկատելի են նաև Արցախում:
-Այն ինչ վերջին տարիներին տեղի է ունենում Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածում, Արցախում տեղի է ունեցել 2005-2006 թվականներից հետո՝ մինչև «Ապրիլյան պատերազմի» փուլը: Այսօր սահմանագիծն արցախյան հատվածում գերհագեցած է տարբեր նշանակության ենթակառուցվածքներով, իսկ միջդիրքային հատվածը բավականին կրճատվել է՝ շարժերի քիչ հնարավորություն թողնելով կողմերի համար: Դրա համար էլ առաջնագծի արցախյան հատվածում Ադրբեջանն իր հիմնական դիրքային շարժերն իրականացնում է թիկունքային հատվածում:
-Վերահսկելի ե՞ն այդ գործընթացները, ի՞նչ նպատակի են դրանք ծառայում:
-Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր գործողությունները՝ սահմանայինից սպառազինության մատակարարումներ անընդհատ դիտարկվում և վերլուծվում են՝ հասկանալու, թե ինչ քայլով ինչ մասշտաբի խնդիր է լուծվում: Սահմանում տեղի ունեցած իրադարձություններն ավելի շատ քննարկման առարկա են դառնում այն ժամանակ, երբ Ադրբեջանը ինչ որ քարոզչական բնույթի՝ ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող լուր է շրջանառում, իսկ այն աշխատանքները, որոնք հայկական կողմն է իրականացնում սահմանագծի ամենատարբեր ուղղություններում քիչ է լուսաբանվում: Իհարկե դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ աշխատանքների մի մասը առհասարակ լուսաբանման ենթակա չէ և դրանց հրապարակայնացումը նպատակահարմար չի համարվում: Ամեն դեպքում հարկ եմ համարում ընդգծելու, որ սահմանի տարբեր ուղղություններով, հայկական կողմը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում, ինչպես սահմանագծի տարբեր խորությունների վրա, այնպես էլ՝ թիկունքային մասում, որն իհարկե խիստ հարաբերական է «թիկունք» անվանել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան