ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է:
ԵՊԲՀ-ից հայտնում են, որ նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը` ընդլայնելով երկկողմ հետաքրքրությունների շրջանակը: Կնքված պայմանագրի շրջանակում պլանավորվում են ոչ միայն սննդաբանության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի գիտնականների այցեր ԵՊԲՀ, այլև մեր դասախոսական անձնակազմի այցեր Կոպենհագեն:
Բացի այդ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին հնարավորություն կընձեռվի կլինիկական սննդաբանության եռամսյա դասընթաց անցնել Դանիայում: Բժշկական համալսարանն իր հերթին ընդունելու է Կոպենհագենի համալսարանի սննդաբանության մագիստոսական ծրագրի ուսանողների, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկայի մի մասը կանցկացնեն այստեղ: