Աղեկյանը կոյուղաջուր է բերել քաղաքապետարան
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Աղեկյանը հայտնեց, որ իր հետ դույլով կոյուղաջուր էր բերել։
«Աղյուսագործների փողոցի խողովակաշարից վերցված կոյուղաջուրը ուզում ենք փոխանցել քաղաքապետին, որպեսզի նա վայելի այս գարշահոտությունը։ Մենք բազում անգամ կոչ արեցինք, որպեսզի գար և խնդրին տեղում ծանոթանար, ինչպես որ խոստացել էր քվե աղերսելիս»,- ասաց Աղեկյանը՝ հավելելով, որ քաղաքապետը թող համարձակություն ունենա և մեկ րոպե շնչի դույլով կոյուղաջրի հոտը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը ասաց Աղեկյանին, որ խնդիրը լուծելու շուրջ գործողություններ են իրականացվում, քաղաքապետարանում խնդրին տեղյակ են և լուծուներ են փնտրում։
«Խնդրին տեղյակ լինելը մեկ այլ բան է, լուծում տալը՝ մեկ այլ: Խնդիրը հրատապ է: Կարծում եմ՝ դուք աշխատավայրում էլ եք օգտվում զուգարանից, իսկ այս մարդիկ տանը չունեն զուգարան»,- պատասխանեց Աղեկյանը։
Սոնա Աղեկյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանին ասաց, որ անցած անգամ, երբ իր հետ կոյուղաջուր էր բերել, քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը թափեց կոյուղաջուրը և այն չհասավ հասցեատիրոջը։
Նա պաշտոնյային խնդրեց կոյուղաջրով լի դույլը փոխանցել քաղաքապետին. «Պարոն քաղաքապետին փոխանցեք, որ մեկ, իսկ եթե կկարողանա երկու րոպե այս հոտը շնչել և հենց այսօր խնդրին լուծում տա»։
Արթուր Մկրտչյանը քիչ անց նորից մոտեցավ ակցիայի մասնակցիներին՝ նշելով, որ այս պահին քաղաքապետարանը բանակցում է կոյուղագիծը փակած բնակիչների և «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ տեխնիկական լուծումներ գտնելու համար։
«Բարդ տեխնիկական խնդիրներ կան, լրացուցիչ բնակիչներին կտեղեկացնենք»,- ասաց նա։
Դրանից հետո Սոնա Աղեկյանը ոստիկաններին ասաց, որ դույլը թողնում է քաղաքապետարանի շենքի դիմաց, որպեսզի այն փոխանցեն քաղաքապետին։ Նա նաև նշեց, որ իրենք հետևողական կլինեն, որպեսզի հասկանան՝ իսկապես քաղաքապետարանը զբաղվում է խնդրով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան