Ավինյանն արձագանքել է տեսչության նախկին ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքայն էջում արձագանքել է Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանը։
«Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։
Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ նա անաչառ անձ է, ով դարձել է տարբեր խարդավանքների զոհ, մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ է: Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կարճատև պաշտոնավարման ընթացքում դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ: Եվ ամենակարևորը՝ նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը, ինչը պահանջվում է այս կարևոր պաշտոնը զբաղեցրած անձից:
Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն թերևս այսօր կբերեմ միայն մի օրինակ՝ ցույց տալու համար այն անհեթեթ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվում էին պարբերաբար պարոն Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ:
Վերջինիս թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննության փուլում:
Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը։
Որպեսզի պարզ լինի, կուզենայի նաև նշել, որ այս որոշումը շատ դրական էր գնահատվել անգամ «Լիդիանի» ներկայացուցիչների կողմից, որոնք պնդում էին, թե ստացվում է, որ այն հիմնական ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում էին տարբեր շրջանակներ, առկա չեն, իսկ Արթուր Գրիգորյանի կողմից ահազանգված Ապոլլո թիթեռի և «Կարմիր գրքում» գրանցված բոլոր բուսատեսակների վերաբերյալ իրենց ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում բոլոր անհրաժեշտ արձանագրումներն ունեն։
Հետագա հետազոտությունները պարզում են, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։ Դե արդեն կարող եք կռահել, որ Արթուր Գրիգորյանի հայտնաբերածը Կարմիր գրքի տեսակը չէր։
Անդրադառնամ նաև ստուգման ակտը բեկանելու մասին մեր կողմից իրականացվող «լոբբինգին»:
Տեսչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վարչապետի աշխատակազմն, իրականացնելով որոշմամբ արձանագրված տեղեկատվության համակողմանի ուսումնասիրություն, առաջարկել էր տեսչական մարմնին բեկանել այն: Ինչու՞: Պարզապես մեզ համար ակնհայտ էր, որ չբեկանման պարագայում բացի դատարանում կառավարության պարտությունը արձանագրելուց՝ ուրիշ այլ արդյունք չենք ունենալու։ Որոշումն այդպես էլ չբեկանվեց, ու «Լիդիանը» վարչական բողոք ներկայացրեց տեսչական մարմնի դեմ, բողոքը նույնպես մերժվեց Տեսչական մարմնի կողմից, և հիմա գործը քննվում է դատարանում:
Անդրադառնալով Արթուր Գրիգորյանի պնդմանը, թե ցանկացել ենք իր «ձեռքերով Ամուլսարի ճանապարհները բացել», ասեմ, որ ՀՀ տարածքում նա ճանապարհներ բացելու որևէ իրավասություն երբևէ չի ունեցել, ու եթե նույնիսկ կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա կդիմեր նման գործառույթ ունեցող մարմնին՝ ՀՀ Ոստիկանությանը:
Իսկ հայտարարության՝ կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն այնքան անհեթեթ ու անհիմն են, որ նույնիսկ չեմ էլ ցանկանում դրանց անդրադառնալ:
Մենք այսօր նաև պարզեցինք, որ պարոն Գրիգորյանն ամենայն հավանականությամբ պայծառատես է, քանզի պնդում է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղյակ է եղել դեռևս 8 ամիս առաջ, և դա այն դեպքում, որ համեմատաբար վերջերս հրապարակվեցին ELARD-ի փորձաքննության արդյունքները, և վերջնական որոշման մասին կառավարությունը դեռ չի էլ հայտարարել: Ի վերջո նաև հարց է առաջանում, որ եթե 8 ամիս առաջ նա տեղյակ էր կառավարության որոշման մասին, ինչու՞ էր այսքան ժամանակ լռում:
Առայժմ այսքանը, հաջորդիվ կանդրադառնամ հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առնչվող հարցերին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան