«Չի եղել ըտենց բան, սուտ բաներ են տարածում». Սեյրան Սարոյան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանն իր տանն ասուլիս է հրավիրել։ Նա հայտնեց, որ նպատակը՝ մամուլում հրապարակված այն տեղեկություններին անդրադառնալն է, թե օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Էջմիածնում գտնվող իր տանը:
«Չի եղել ըտենց բան, սուտ բաներ են տարածում, խուզարկություն չի եղել։ Սուտ բաներ են գրում, իբր փախել եմ, մթոմ ես կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ։ Կարան չէ զանգեն մի հատ միլիցիա, ճշտեն։ Ինչ ռազբոռկա մարդու օջախի մեջ, իմ տունը ռազբոռկի դաշտ ա, ինչ ա: Մեր վառոտներից ներս մի հատ միլիցիա չի մտել, սուտ»,- ասաց Սարոյանը։
Նախկին պատգամավորը նշեց, որ ուղղակի պախարակումներ են այդ հրապարակումները։
Լրագրողները Սարոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ուժի մեջ են իր տված գնահատականները Մանվել Գրիգորյանի հետ կապված, ինչին ի պատասխան նա ասաց. «Էն վախտ մենակ ես չէի տաքացած, դուք, սաղս, դաժե իրա երեխեքը, բոլորս դրանք տեսնելով շոկի մեջ էինք, բայց հիմա պետք է հասկանանք, թե դրանք որտեղից էր։ Ես սենց տնական ձևով գիտեմ, որ ընդեղ լիքը բաներ կան, որ պիտի բացվի»։
Հարցին, թե կարծում է Մանվել Գրիգորյանը կարդարացվի՞, նա արձագանքեց. «Կարծում եք ես դատավոր Մաթոն եմ, շատ գիտեմ դատավորի գլխի մեջ ինչ կա»։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև Ամուլսարի հանքի շահագործման խնդրին ու ստեղծված իրավիճակին։
«Նոր եմ եկել, տեղյակ էլ չեմ, հետո դրա համար իշխանություն կա, ժողովրդի ընտրած իշխանությունն ա, լեգիտիմ իշխանություն ա, թող իշխանությունն էլ որոշում կայացնի, ինչի մասին ա խոսքը»,- ասաց նա։
Լրագրողները շարունակեցին հարցեր տալ, Սարոյանն էլ արձագանքեց. «Համ ես եմ ձեզ կարոտել, համ դուք ինձ, հարցախեղդ եք անում»։
Հարցին, թե Ստամբուլյան կոնվեցիայի ո՞ր հոդվածն է հակասում Սահմանադրությանը, նա պատասխանեց. «Էդ Ստամբուլյան կոնվենցիա ա, ինչ ա, այ էն հոդվածն է հակասում, որ մեր Սահմանադրության մեջ գրված է, որ ես էս տան պապան եմ, իմ կնիկ Լիան էլ՝ մաման, հիմա սրանք ուզում են ասեն՝ պապա մեկ, պապա երկու, կամ երկու մամաներ, էդ ինչ ա, խայտառակ չենք, ամոթ ա»։
Լրագրողի արձագանքին, թե ձեր օրոք է ստորագրվել այդ կոնվենցիան, նա ասաց. «Տո ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք»։
Նա հավելեց, որ այդ կոնվենցիան չպիտի ստորագրվի. «Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ հաստատ համոզված եմ, որ չի թողելու անցնի»։