Ամբողջ բեռը դրել են պատմաբանների վրա, թե դուք որոշեք. Աշոտ Մելքոնյան
«Ձևավորվել է պատմաբանների 6 հոգանոց աշխատանքային խումբ, որի առջև խնդիր ենք դրել՝ ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքն ու ծրագիրը և առաջարկություններ ներկայացնել»,- այսօր «Վերախմբագրե՞լ Հայոց պատմության դասագիրքը՝ ըստ նոր իրավիճակի» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը:
Նա նշեց, որ ստացել են թե բովանդակային, թե խմբագրական դիտարկումներ ու առաջարկություններ:
«Մեր խնդիրը չի եղել բացարձակ բովանդակություն փոխել, նույնիսկ նորագույն ժամանակների հետ կապված, վերջին իրադարձությունների մասին որևէ խոսակցություն չի եղել: Առհասարակ չի եղել դրանց մեկնաբանման հետ կապված որևէ բան ավելացնելը, սա ես ուզում եմ հստակ շեշտել։ Ծրագիրն ուղարկվել է Կրթության ազգային ինստիտուտ՝ կարծիք ստանալու, և այն, ինչ ենթակա է վերախմբագրման՝ տեխնիկական վրիպակներ, որոշ բաներ էլ՝ բովանդակային առումով, հրատարակություններն ու հեղինակները վերախմբագրել են»,- ասաց նա։
Փոխնախարարը շեշտեց, որ այս խնդիրն առաջացավ այն պահից, երբ առանձին առաջարկ ներկայացվեց իրենց՝ դասագրքում ներգրավել նաև 2013-2018թթ. իրադարձությունները:
«Մենք ապրիլին հանդիպել ենք հանձնաժողովի անդամների հետ, և ինքներս ենք հարցրել՝ համաշխարհային փորձն ինչպե՞ս է պատմության դասագրքերում ներգրավում վերջին իրադարձությունները, նորագույն շրջանի ո՞ր ժամանակահատվածից սկսած են ներգրավում, և արդյո՞ք նպատակահարմար է այս պահին քաղաքական իրողությունները որպես մեկնաբանություն և արդեն որակավորում, իրողություն ներկայացնել դասագրքերում։ Մենք այդ հարցի պատասխանը պատմաբաններից չեն ստացել։ Ուզում եմ հստակ շեշտել, դասագրքի ուսումնասիրությունն ու առաջարկություն ներկայացնելու մեր խնդրանքը բացարձակ չի բխել, որպեսզի վերջին շրջանի իրադարձություններն արհեստական ներկայացվեն»,- հավելեց Առաքելյանը։
Քննարկմանը ներկա ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց. «Դպրոցական դասագրքերի հետ կապված մեր կարծիքը հետևյալն է՝ այս հանրապետությունում ապրող պատանին, երիտասարդը պարտավորի է իմանալ, թե ինչպես է կյանքի կոչվել Հայաստանի երրորդ հանրապետությունը, ինչպես է մեր ժողովուրդ Արցախում հաղթանակ տարել։
Հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող հատվածին, թե Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում եմ պատմաբանների վրա, որ դուք որոշեք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։