Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանին
«Հա, պարոն վարչապետ, այսօր տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի չունենար։ Եվ առաջին հերթին պիտի տեղի չունենար հենց ձեզ համար, այսօր, ձեր իշխանության օրոք ոստիկանը կրկին ձեռք բարձրացրեց հայրենատեր երիտասարդության վրա, ձեռք բարձրացրեց ձեր գլխավորությամբ հեղափոխություն իրականացրած քաղաքացու վրա։ Ասեմ ձեզ, ցավոտ էր, շատ ավելի ցավոտ էր, քան նախկինում նույն ոստիկանից ստացած հարվածներն ու ջարդը, ցավոտ էր, որովհետև ոչ թե ուժեղ էին հարվածները, այլ չսպասված։ Դուք այնտե՞ղ էիք, չէ՛, դուք անգամ չանրադարձաք տեղի ունեցածին։
Չեմ ուզում հուզական դաշտում զրուցենք, եկեք անցնենք փաստերին։
Մոտ 1,5 ժամ ուշի-ուշով լսեցի ձեր ուղիղ եթերը, այս հարցի վերաբերյալ։ Գիտե՞ք, ստելը դժվար է, մանավանդ այն մարդու համար, ում անկեղծ խոսքը բազմիցս լսել ես։
1․ Էլարդ ընկերությունը չի իրականացրել փորձաքննություն, նա ընդամենը ստուգել է Լիդիանի իրականացրած փորձաքննությունը, ինչպես դուք նշեցիք։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել արդյոք, բա ինչի հետ է համեմատել այդ տվյալենրը։ Օրինակ եթե սարի վրա կա մի ծաղիկ կամ կենդանի, որը չկա Լիդիանի ՇՄԱԳ-ում, Էլարդի փորձագետը ինչպես է ստուգել այդ փաստը առանց դաշտային աշխատանքների։ Այսինքն ձեր ողջ զրույցը հիմնված էր ոչ թե փորձաքննության, այլ փաստաթղթերի վերանայման վրա։
2․ Դուք իսկապես հավատում եք, որ Ջերմուկ քաղաքի սոցիալական կարգավիճակը չի՞ փոխվելու հանքը բացելուց հետո։ Եթե մի պահ անգամ ենթադրենք, որ ջրերին իսկապես վնաս չի, ի՞նչ է, կարծում եք, որ Լիդիանը կարողանալու է քամու ողղությունը փոխել, որ փոշու հոսքերը քաղաք չտանի, թե՞ արգելելու եք հանքում աշխատող բանվորներին Ջերմուկում ապրել ու զվարճանալ։
Հետաքրքիր է, այն զբոսաշրջային ամերիկյան քաղաքը, որը մատնանշեցիք ձեր խոսքում, կգրավի ձեզ և ձեր ընտանիքին, որպես առողջարանային քաղաք, երբ դրանից մի քանի կիլոմետր այնկողմ մետաղական հանք է գործում։
3․ Եվ վերջապես ամենակարևորը, դուք մոտ 1,5 ժամ խոսեցիք և ոչ մի խոսք տեղի բնակիչների ու համայնքի մասին, ապշեցուցիչ է։ Ժողովրդավարության ջատագովը չի խոսում ժողովրդի, նրա ցանկության և կարծիքի մասին։ Մի՞թե այս երկիրը չի պատկանում մեզ՝ քաղաքացիներիս և մի՞թե սարի տակ ապրող ռանչպարն իրավունք չունի որոշում կայացնել այդ սարի ճակատագրի վերաբերյալ։ Չէ որ այդ սարի համար պետք եղած ժամանակ այդ նույն ռանչպարը տալիս է իր ամենաթանկը՝ կյանքը։
Չէ՛, չհամոզեցիք պարոն վարչապետ, միայն ոչ այս անգամ, չհամոզեցիք, որովհետև ինքներդ էլ համոզված չէիք ձեր մտքերի մեջ, միտքը հո միայն հնչյունների մեջ չէ,միտքը հայացքի մեջ է, միտքը էներգիա է, որ փոխանցում ես դիմացինին և եթե այն ամբողջական չէ, համոզել չի կարող։ Փորձի համար դրեք ձեր Արցախի ելույթը, լսեք ցանկացած մի հատված, հետո համեմատեք այսօրվա ձեր խոսքի ցանկացած մի հատվածի հետ։
Խոսքս ավարտելով (չնայած, որ շատ բան մնաց ասելու) ուզում եմ պնդել հետևյալը․
Ամուլսարը մեզ համար դարձել է պայքարի ու համոզված եմ՝ կդառնա ևս մի հաղթանակի խորհրդանիշ, ձեր և ձեր կառավարության համար՝ Ամուլսարը փորձաքար է։ Եթե գիտակցեցիք այսքանը, կշահեք դուք և մենք բոլորս, եթե գնացիք ընդառաջ ձեզ մեղմ ասած ոչ ճիշտ խորհուրդներ տվողներին, կրկին տուժելու ենք բոլորս միասին։ Այսօր ձեր բաժակի վրա պատկերված էր Իսահակյանը, ուզում եմ ցիտել մեր մեծ վարպետին, հաշվի առնելով, որ հանքի նպատակը սոսկ նյութական է․
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։
Հ․Գ․
Ժող ջան, այսօր շատ լուրջ իրողություն տեղի ունեցավ, հիմա դուք մի նոր ընտրության առաջ եք, կամ կլսեք ու կհավատաք վարչապետի արտահայտած խոսքին, կամ դուրս կգաք ու կպայքարեք հանուն բնության, հանուն մարդկային իրավունքների ու էն պայքարող ռանչպարի հավատով լցված աչքերի համար։ Ընտրությունը ձերն է․․․
Գաղափարակիցները թող տարածեն այս նամակը, մեր անունն է պայքար․․․»,-ֆեյսբուքյան իր էջում նամակը հրապարակել է Գեղամ Օհանյանը: