«Վարչապետը դիմում է փաստերի էժան և տգեղ այլափոխման». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադրաձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ հայտարարելով, թե ինչու է աշխատանքից ազատվել Ամուլսարի հետ կապված երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկը: Մյուսն էլ աշխատանքի չի ընդունվել` ի հեճուկս աղիողորմ խնդրանքների:
Քաղաքագետը, մասնավորապես, գրել է.
«Վարչապետի այս վերջին ստատուսի առաջին մասն ակնհայտորեն վերաբերում է բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ երկրորդը` ինձ:
«Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի:
Քանի որ վարչապետը, փոխանակ պատասխանի իր հասցեին հնչող ամենատարբեր մեղադրանքներին և քննադատություններին, ըստ էության, ըստ բովանդակության` անդրադառնալով հատկապես Ամուլսարի խնդրին, անդրադառնում է իր ամենասուր քննադատներին` անձնական և ցածր վիրավորանքներ հնչեցնելով` ընդ որում ասելով բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրան:
Քանի որ երկրի վարչապետը` իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ իր մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում և այդ ընթացքում դիմում փաստերի էժան և տգեղ այլափոխման` դրանով խախտելով ներանձնական էթիկայի և ճշմարտախոսության բոլոր կանոնները, ապա հանուն ճշմարտության մենք կպարզաբանենք իրականությունը: Եվ չենք ներկայացնի Սոլթ Լեյք Սիթիի հանքի իր երեկվա բերած օրինակի պես իրականությունից շատ հեռու օրինակ, այլ կխոսենք փաստերով:
Ասեմ միայն, որ իրենից աշխատանք չեմ խնդրել: Առավել ևս «աղիողորմ»: Հերթական սուտն անակնկալի է բերում, երբ հասկանում ես, որ ոչ միայն քաղաքական, այլև մասնավոր դաշտում է այդպիսի հնարք կիրառվում:
Ինչ վերաբերում է Արթուր Գրիգորյանին, ապա ասում են, որ նա ամենակոմպետենտ բնապահպանական պաշտոնյան է եղել, որ երբևէ պաշտոնավարել է Հայաստանում:
Ակնհայտորեն, վարչապետի` վարչապետին անվայել այս խիստ անձնական ստատուսի հանգամանքը վերլուծելով, և այսօր դատախազություն-ԱԱԾ նյութեր նախապատրաստելու և ԱԱԾ ինձ հրավիրելու փաստի վրա հիմնվելով` ինձ այլընտրանք չի մնում քան եզրակացնել, որ դրանց միջև ուղղակի կապ կա:
Հատկապես Ամուլսարի հարցում իրեն փաստորեն շատ անհարմարություններ պատճառող երկու անձանց, այդ թվում` ինձ, փոխանակ մասնագիտական դաշտում պատասխանելու` անձնական, ցածր որակումներով անդրադառնալուն զուգահեռ նրանց ԱԱԾ հրավիրելը դժվար է քաղաքական հալածանքի կամ ճնշման փորձ չորակելը:
Ամուլսարը պետք է սար մնա´»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանն ասել են, որ կոռուպցիոն տեղեկատվության չեն տիրապետում. դատախազություն
- Ամուլսարի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան