Ամուլսարի հարցում պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. Ատոմ Ջանջուղազյան
Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում ըստ առանձին վերցրած կազմակերպությունների, կանխատեսումը կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունն ու մակրոցուցանիշները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա դա ինչ ազդեցություն կարող է ունենալ բյուջեի վրա։
«Հետևաբար, առանձին վերցրած որևէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ։ Իսկ թե ինչ չափով կարող է ազդեցություն ունենալ՝ նույն չափով, ինչ չափով դրական ազդեցություն կունենար աշխատելու դեպքում, և նույն չափով պակաս կլինի այդ ազդեցությունը չաշխատելու դեպքում»,- ընդգծեց նախարարը։
Դիտարկմանը՝ անվերահսկելի տնտեսական ռիսկեր կարո՞ղ են լինել հանքի չշահագործման դեպքում, Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Եթե նկատի ունեքէ բյուջեից կամ մակրոտնտեսական կանխատեսումներից շեղման ռիսկ կա, թե ոչ, ապա, մեր կարծիքով՝ ոչ»։
Պատասխանելով հարցին՝ հանքը չշահագործվելու դեպքում տնտեսությունն ինչ հարվածներ կստանա, ֆինանսների նախարարը նշեց, որ «հարված» ասելը շատ հնչեղ է, իսկ ընդհանրապես ցանկացած տնտեսվարողի աշխատելու դեպքում ամեն դրական տեղաշարժ իր հետևից դրական սպասումներ է ձևավորում, պոտենցիալն աճեցնում է, և հակառակը, չաշխատելու դեպքում բացասական սպասումներ են ձևավորվում։
Լրագրողները հետաքրքվեցին՝ ինչ կարծիք ունի Ամուլսարի շահագործման վերաբերյալ, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս հարցում պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. «Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, քանի որ միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն։ Պետք է հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, քանի որ եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր և այս գործընթացը տեղի չէր ունենա»։
Ճշտող հարցին՝ ճի՞շտ են հասկանում, որ կառավարությունը հակված է հանքը շահագործել, ֆինանսների նախարարը նշեց, որ ոչ մի դժվարություն չկա, երբ խոսքը անձի պատասխանատվությանն է վերաբերում, իսկ կառավարության պատասխանատվությունը կառավարությունն է իր վրա վերցնում. «Երբ որոշումը կկայացվի, դուք բոլորդ կծանոթանաք»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- Փաշինյանը քիչ առաջ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով
- Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին
- Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին
- Ամուլսարի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան