ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Կառավարությունը քննարկում է ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրոն դիմումատուին մաս-մաս վճարելու հնարավորությունը
Հայաստանը դեռևս չի վճարել «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրո սահմանված գումարը Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ Յուրի Վարդանյանին, որը նրան տրվել էր իր տան և հողամասից զրկելու դիմաց՝ որպես արդարացի բավարարում։
«Սա անվերապահ պարտավորություն է, որը Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի։ Սակայն վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, որքան հիշում եմ հոկտեմբերին է, դեռ ժամանակ կա, բայց այս պահի դրությամբ կառավարության ներսում տարբերակներ են քննարկվում, հաշվի առնելով նաև բյուջեի վրա բեռը, այն մեղմելու համար գուցե մաս-մաս վճարելու հնարավորությունը։ Սակայն սա պետք է խոսել»,-այս մասին այսօր Ազատության եթերում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հավելելով, որ պետությունը պարտավոր է այս գումարն ամբողջությամբ վճարել։
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ սա գումարը մինչ այժմ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռների հանրագումարից էլ ավել է։
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դեռևս բանակցություններ չեն սկսվել դիմումատուի հետ։
Հարցին, թե շատ է քննարկվում այն, որ ՄԻԵԴ կայացրած վճիռների գումարները ոչ թե հարկատուները պետք է վճարեն, այլ խախտում իրականացրած պաշտոնյաները, Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նման կառուցակարգ չկա։
«Մի բան աներկբա է, որ ՀՀ-ն որպես պետություն կրում է այս պարտավորությունը՝ անկախ հանգամանքից, թե անցյալում ովքեր են կայացրել որոշումները»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը, հավելելով նաև, որ երբեմն անգամ դժվար է պարզել, թե ովքեր են մեղավորները, ոչ թե 1,2, կամ 3 հոգի են, այլ այն համակարգային խնդիր է։
Կիրակոսյանը նշեց, որ այժմ մտածում են այդ ուղղությամբ և դատաիրավական բարեփոխումների քննարկումների ժամանակ որպես դատավորների պատասխանատվության հիմք է նախատեսվում նաև Եվրոպական դատարանի վճռում արձանագրված էական խախտումները։
«Դա, կարծում եմ, ճանապարհներից մեկն է, բայց ոչ միշտ է, որ միայն դատավորը կամ այս դատավորն է մեղավոր»,-ասաց Կիրակոսյանը։
Կիրակոսյանն ասաց, որ ցավալի է, որ այսպիսի մեծ գումար է վճարում պետությունը, սակայն որպես պարտավորություն ստանձնած պետություն պետք է գիտակցել, որ դա ինչ-որ չափով գին է՝ իրավունքը խախտելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Արման Մկրտումյանի անվան հետ կապված ՄԻԵԴ վճիռը
- Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած նոր վճռով գնահատական է տրվել հայ դատավորի գործողություններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան