Կյանք և ազատություն
Պատժիչները
1990 թվականի Բաքվի հայկական ջարդերից ու սովետական զորքերը քաղաք մտցնելուց հետո պարզ դարձավ, որ Սումգայիթի կոտորածը պարզապես ճակատագրական պատահականություն չէր, ու մեր ժողովուրդների համատեղ բնակությունը տեսանելի ապագայում անհնար է: Հայերը հապճեպ լքում էին Ադրբեջանը, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանը: Առվակները հեղեղ էին դառնում: Մոսկվան, ըստ երևույթին, գիտակցել էր, որ չի տիրապետում իրավիճակին ու չի կարող ապահովել մարդկանց անվտանգությունը և, ըստ էության, Ադրբեջանի կամեցողությանն էր հանձնել փոքրիկ ըմբոստ ինքնավար մարզի հայ բնակչությանը: Այլ խոսքով՝ համաձայնել էր կառավարվող էթնիկական զտումների:
Նույն տարվա մարտին հայերի արտաքսումը Գետաշենից ու Մարտունաշենից արդեն իրականացվում էր ՍՍՀՄ ՆԳՆ ՆԶ մասնակցությամբ: Դա շատ ծանր ժամանակ էր, հոգեբանորեն նույնիսկ ավելի ծանր, քան ծավալուն պատերազմի ավելի ուշ շրջանը, որ սկսվեց Սովետական Միության փլուզումից հետո: Պատերազմի ժամանակ համենայնդեպս հաստատ գիտես՝ ում դեմ և ինչի համար ես կռվում, ու հստակ հասկանում ես, որ դա է գոյատևելու ու գաղթական չդառնալու միակ միջոցը: Պոլյանիչկոյի օրոք Ադրբեջանը սկսեց հետևողականորեն հայերին վտարել իրենց հողերից՝ քողարկվելով ՍՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերով: Հիմա մեր դիմադրությունն արդեն բախումների էր հանգեցնում ոչ միայն ադրբեջանական ՕՄՕՆ-ի, այլև միութենական զորքերի հետ: 1990 թվականը դրամատիկ իրադարձությունների մի ամբողջ շարք էր, որոնք աղաղակում էին մեծ երկրի վերահաս փլուզման մասին:
Բայց փորձեմ՝ հերթով: Արկադի Իվանովիչը թռավ Մոսկվա: Մենք ջերմորեն հրաժեշտ տվեցինք նրան՝ չիմանալով, որ այլևս չի վերադառնալու, և Հատուկ կառավարման կոմիտեի ճակատագիրն արդեն կանխորոշված է: Դրա փոխարեն ստեղծեցին նոր Հանրապետական կազմկոմիտե, որը գլխավորեց Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն (այն ժամանակ ՍՍՀՄ բոլոր հանրապետություններում Կենտկոմի երկրորդ քարտուղար ռուսների էին նշանակում): Պոլյանիչկոյին նշանակել էր Ադրբեջանը, նոր կոմիտեն ենթարկվում էր հանրապետական իշխանություններին ու ստեղծվել էր «հայ ազգայնական-ծայրահեղականների դեմ պայքարելու» նպատակով, ինչը Բաքվի համար նշանակում էր պայքար Ղարաբաղի բոլոր հայերի դեմ: Դա գործիք էր, որի միջոցով Ադրբեջանը պատրաստվում էր կոտրել մեր կամքն ու ԼՂԻՄ-ը որպես տարածք պահել իր կազմում:
Եվ, ինչպես հետագայում պարզվեց, ցանկալի էր՝ առանց հայերի: «Կոմիտե» անվանումն ընդամենը կոլեգիալ կառավարման պատրանք էր ստեղծում: Իրականում ստեղծվել էր պատժիչ մարմին, որտեղ Պոլյանիչկոն մեծ խանդավառությամբ ստանձնեց դահճի դերը: Բոլոր ուժային կառույցները հանձնվեցին նրա տնօրինությանը:
Փաստացի նրան էին ենթարկվում նույնիսկ մեզ մոտ տեղակայված սովետական զորքերը՝ պարետատան միջոցով, որը պատասխանատու էր արտակարգ ռեժիմի պահպանման համար: Դա լիովին փոխեց նրանց պահվածքը. սկսեցին գործել որպես զավթիչներ: Զինծառայողները մեր հանդեպ որևէ անձնական խնդիր չունեին, բայց նրանց կողմից ակնհայտ թշնամություն հայտնվեց:
Համապատասխանաբար փոխվեց նաև այդ զորքերի մեր ընկալումը: Նոր կազմավորված կոմիտեն ամբողջ մարզում արգելեց իշխանության մեր վերջին պահպանված մարմինների՝ ժողովրդական պատգամավորների մարզային ու շրջանային խորհուրդների, բոլոր կուսակցական ու հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Միակ բացառությունը Շուշիի շրջանն էր, որտեղ պահպանվել էին բոլոր սահմանադրական մարմինները. շրջանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ էին, և արգելքը նրանց վրա չտարածվեց: Ավելին՝ ադրբեջանական գյուղերում կուսակցական կազմակերպությունները ոչ միայն չէին լուծարվել, այլև հավելյալ իրավունքներ էին տվել դրանց: Որոշ կազմակերպություններ կարգավիճակով համարյա հավասարեցվել էին կուսակցության շրջանային կոմիտեներին: Արտակարգ դրության տարածքի աշխարհագրությունն ընդլայնվեց:
Հիմա այն ընդգրկում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ամբողջ մարզը, այլև նույնիսկ հարևան հայկական ու ադրբեջանական շրջանները: Բուն Ստեփանակերտում արտակարգ դրության ռեժիմը խստացվեց. փակեցին դրամատիկական թատրոնը, բոլոր կինոթատրոնները, թանգարանները, արգելվեցին մարզական ու ժամանցային միջոցառումները՝ նույնիսկ պետական տոների օրերին:
1990 թվականի հունվարին արտակարգ դրության շրջանի պարետի հրամանով արգելվեց «Միացում» շարժման գործունեությունը: Պարետային ժամն ավելի խստացվեց, արդեն արգելվում էր ոչ միայն փողոց դուրս գալ, այլև նույնիսկ հավաքվել բակերում. անմիջապես լսվում էին փողոցում պարեկող զինվորների ահեղ բղավոցները. «Հայե՛ր: Ցրվեք տնե՛րը»: Արտակարգ դրության ռեժիմի պահպանման պատասխանատուն շրջանի պարետատունն էր, որին ենթարկվում էին ՍՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատները. Ադրբեջանն ՕՄՕՆ-ի իր հսկայական բանակն էր ստեղծել: Ջոկատներ էին տեղակայվել Ղարաբաղի բոլոր ադրբեջանական գյուղերում. դրանց կազմում մեծամասամբ տեղի բնակիչներ էին, որոնց միլիցիայի համազգեստ ու զենք էին տվել և աշխատավարձ էին վճարում: Պատկերացրեք կողք կողքի երկու գյուղ՝ մեկը ադրբեջանական, մյուսը՝ մերը: Նրանց գյուղը պահպանում է ՕՄՕՆ-ի լավ զինված ջոկատը՝ համարյա ութսուն հոգի, հայկականը՝ ընդամենը մի քանի աշխարհազորային՝ որսորդական հրացաններով:
Պայմանները բացարձակ անհավասար էին: Այդ շրջանում զգալիորեն հաճախացել էին հարձակումները, կողոպուտները, հայկական գյուղերից անասուն քշելու դեպքերը: Գործելով հանրապետական իշխանությունների անունից՝ համազգեստավոր, զինված, միլիցիայի վկայականներ կրող օմօնականները հայերի դեմ անթաքույց հանցանքներ էին գործում, որոնք պարտակվում էին Ադրբեջանի իրավապահ համակարգի կողմից: Հենց դրա համար էլ այդ շրջանում ադրբեջանական ՕՄՕՆ-ը դարձավ հայկական ընդհատակի մարտական գործողությունների հիմնական թիրախը: Շրջափակման օղակը մարզի շուրջ արագ սեղմվում էր: Մեզ արդեն փորձում էին կտրել ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից: Փակվեց երկաթուղային հաղորդակցությունը. սկզբում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, հետո կանգ առան նաև ապրանքատար գնացքները: Դեռ վերջերս հնարավոր էր Երևան հասնել ավտոմեքենայով, թեկուզև զինված պահակախմբի ուղեկցությամբ, իսկ հիմա ավտոճանապարհները շրջափակված էին: Պարենային մթերքների, տնտեսական ապրանքների, վառելիքի մատակարարման ընդհատումներ սկսվեցին: Ներքին զորքերի քողի տակ իշխանությունները լիակատար վերահսկողության տակ վերցրին Ստեփանակերտի օդանավակայանը՝ մարզի բնակչության վերջին տրանսպորտային կապը Հայաստանի հետ: Ստեփանակերտից ավիաչվերթերի թիվը կտրուկ կրճատվեց, օդանավակայանում մշտապես հերթապահում էր ՕՄՕՆ-ը: Դեպի Երևան ցանկացած թռիչք երիտասարդների համար կարող էր ավարտվել ձերբակալությամբ: Օդանավակայանը վերջնականապես փակելուն ուղղված հետևողական քաղաքականություն էր տարվում. հարակից ադրբեջանական Խոջալու գյուղը, Միջին Ասիայից փախած թուրք-մեսխեթցիներին տեղավորելու պատրվակով, կառուցապատվում էր ընդհուպ մինչև թռիչքուղի, որպեսզի օդանավակայանն անհնար լիներ շահագործել բնակելի տների վտանգավոր մոտիկության պատճառով: Շինարարության վրա ահռելի միջոցներ էին ծախսվում: Մարզը դնում էին լիակատար մեկուսացման մեջ, և արտաքին աշխարհի հետ մեր միակ կապը մնացել էին ուղղաթիռները:
...
«Օղակ» գործողությունը
Սովետական պատմության մեջ աննախադեպ այդ գործողությունը սկսվեց 1991 թվականի ապրիլի վերջին: Ըստ էության, դա հայկական բնակչության բռնի արտաքսում էր Ղարաբաղից, որն իրականացնում էր ադրբեջանական ՕՄՕՆ-ը՝ քողարկվելով սովետական զորքերով և օգտագործելով սովետական տեխնիկան: Ադրբեջանը որոշել էր, որ այդպես «կարելի է արմատապես լուծել հայկական հարցը»՝ մի հարվածով և ընդմիշտ: Հետագա իրադարձություններից, դրանց ծավալներից ու եղանակից դատելով՝ գործողությունն իրականացվում էր Մոսկվայի համաձայնությամբ, որը վերջնականապես կորցրել էր Ադրբեջանի հայկական անկլավները պաշտպանելու կարողությունը: Պաշտոնապես, իհարկե, տեղահանության մասին խոսք չկար. միութենական կենտրոնին Մութալիբովի49 ներկայացրած պլանում խոսվում էր «ԼՂԻՄ ու հարակից շրջանների հայկական բնակչությունից ապօրինի պահվող զենքի առգրավմանն ուղղված ծավալուն գործողության» մասին: Սակայն ապրիլի 27ին ելույթ ունենալով ադրբեջանական հեռուստատեսությամբ՝ նա կոչ էր անում «անհապաղ լուծել Ադրբեջանի հայ բնակչության հիմնախնդիրը» և ասում էր, որ եթե Մոսկվան ընդունակ չլինի դրան, ապա «հանրապետությանը կբավականացնեն սեփական ուժերն ու միջոցները»: Գործողությունը սկսվեց Հյուսիսային Ղարաբաղից: Առաջինը տուժեցին Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը: Հարձակվողներն այս ձևով էին գործում էին. սկզբում գյուղերից դուրս էին բերվում ներքին զորքերը, որոնք կարող էին խանգարել պատժիչ գործողություններին, հետո գյուղը գրոհում էր ադրբեջանական ՕՄՕՆ-ը: Տեղահանության համար նախատեսված գյուղերի վրա հարձակման հետ մեկտեղ անջատում էին էլեկտրասնուցումն ու հեռախոսակապը, որպեսզի այնտեղ ապրելը ֆիզիկապես անհնար դառնար: Գետաշենի գրոհը ԳԼՈՒԽ 7. ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 117 հետ մղվեց տեղի ինքնապաշտպանության ջոկատի կողմից, և այդ ժամանակ գործի դրվեց հրետանին. գյուղը ենթարկվեց զանգվածային հրետակոծության: Հաջորդ օրը գյուղ մտած զորքերն արդեն առանց որևէ խոչընդոտի անցան բնակչության տեղահանմանը: Մարդկանց բռնում էին՝ թույլ չտալով վերցնել ոչինչ՝ նույնիսկ հագուստ, լցնում ավտոբուսներն ու պարզապես տեղափոխում Հայաստանի սահման, որտեղ նրանց ոչ ոք չէր սպասում: Երիտասարդ տղամարդկանց հետ այլ կերպ էին վարվում. յուրաքանչյուրի մեջ գրոհային էին տեսնում, դրա համար էլ ձերբակալում ու բանտ էին նետում: Այդպես տեղահանվեց Հյուսիսային Ղարաբաղի մի քանի գյուղ՝ Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Հադրութի շրջանի հարավը:
Ընդհանուր առմամբ արտաքսվեց 26 հայկական բնակավայրերի բնակչությունը, իսկ գյուղերը հետո լրիվ կողոպտեցին մոտակա ադրբեջանական գյուղերի ավազակները: 10 հազար հայ տնազուրկ դարձավ, ավելի քան 600 տղամարդ պատանդառվեց, ավելի քան հարյուր մարդ զոհվեց գործողության ընթացքում: Ես կարծում եմ, որ եթե Սովետական Միությունը չփլուզվեր, ո՞վ գիտի, գուցե նրանց հաջողվեր քայլ առ քայլ իրականացնել իրենց ծրագիրը: Մենք փորձում էինք տեղահանությանը խոչընդոտել Հադրութի շրջանի հարավում, բայց՝ ապարդյուն: Այն ժամանակ զորքերի հետ ուղղակի դիմակայության դեռ պատրաստ չէինք:
Հյուսիսային Ղարաբաղում ամբողջ ծանրությունն ընկավ Շահումյանի շրջանի ջոկատների վրա, բայց ուժերը խիստ անհավասար էին: ԼՂԻՄում տեղակայված բանակային ստորաբաժանումները «Օղակ» գործողության մեջ ներգրավված չէին, այնպես որ զինվորականների հետ մեր հարաբերությունները ոչնչով օգնել չէին կարող: Հայերն ամեն կերպ փորձում էին առավելագույն հանրային ուշադրություն հրավիրել իրադարձությունների վրա: Զորի Բալայանը Ղարաբաղում կատարվող ցեղասպանության մասին գրում էր «Լիտերատուրնայա գազետայի» յուրաքանչյուր համարում: Բոլոր բարեկամ լրագրողներն աջակցում էին մեզ՝ այդ իրադարձությունների մասին նյութեր հրապարակելով: Ժողովրդական պատգամավորները, հատկապես դեմոկրատական թևը, փորձում էին ինչ-որ կերպ ազդել իրենց կապերով: Ռուսական մտավորականությունը՝ գրողներ, լրագրողներ, գիտնականներ, տնտեսագետներ, որոնց միավորում էր մեզ օգնելու մղումը, Մոսկվայում հիմնեցին ռուսական մտավորականության «ԿՐԻԿ» կոմիտեն: «ԿՐԻԿ»-ն իր գլխավոր խնդիրն էր համարում Արցախի շուրջ ստեղծված տեղեկատվական շրջափակման ճեղքումը: Մայիսի կեսին Մոսկվայի հենց կենտրոնում՝ Մանեժնայա հրապարակում, «Ղարաբաղ» կոմիտեն բողոքի հանրահավաք անցկացրեց՝ Ադրբեջանում հայերի իրավունքների խախտման դեմ: Ի վերջո, բավական մեծ աղմուկ բարձրացավ, միացան արևմտյան մամուլը, միջազգային կազմակերպությունները, և գործողությունը դադարեցվեց:
Կարծում եմ, որ Բաքվում դադար վերցրին՝ փորձելով փոքրիշատե համոզիչ արդարացում գտնել այդ ամենաթողության համար: Կամ էլ պարզապես լուծել էին ԼՂԻՄ-ի պարագծով հայերի տեղահանման՝ Մոսկվայի հետ համաձայնեցված խնդիրն ու բավարարվեցին դրանով:
....
Հանրաքվե
1991 թվականն ավարտվում էր Սովետական Միության հոգեվարքի ֆոնին: Կողմերն ակտիվորեն պատրաստվում էին պատերազմի, զենքի ու զինամթերքի քանակն անընդհատ աճում էր, շաբաթ առ շաբաթ մեծանում էր հրաձգությունների ու բախումների ուժգնությունը: Իրադարձությունների վրա ազդելու պարետության փորձերն անարդյունավետ էին ու հանգում էին ավելի շուտ միջադեպերի արձանագրման, քան դրանց կանխմանը: Մարտունիում կատարված այդպիսի մի դեպքի քննության համար նոյեմբերի վերջին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, ուժային գերատեսչությունների ղեկավարների, պատգամավորների, լրագրողների և Ռուսաստանի ու Ղազախստանի դիտորդների մի խումբ Աղդամից ուղղաթիռով թռավ Մարտունի:
Բայց ուղղաթիռը նշանակման վայր չհասավ՝ աղետի ենթարկվելով Կարաքենդ գյուղից մի քանի կիլոմետրի վրա: Աղետի նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջադրվեցին: Մենք մինչ օրս համոզված ենք, որ աղետի պատճառը եղանակային վատ պայմաններն էին. թանձր մառախուղի պատճառով ուղղաթիռի պոչի պտուտակը դիպել էր ծառին, մեքենան կորցրել էր կառավարումն ու ընկել: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ ուղղաթիռը խփվել է մեր զինված ջոկատների արձակած հրթիռով:
Քննությունը վարող հանձնաժողովն այդպես էլ վերջնական որոշման չեկավ: Չեմ ուզում վիճել և ապացուցել մեր անմեղությունը, միայն ասեմ, որ այդ ուղղաթիռում մեր թշնամիների հետ զոհվել էին նաև նրանք, ում բարեկամ51 էինք համարում: Եվ միայն երջանիկ պատահականությամբ ուղղաթիռ չէր նստել Լեոնարդ Պետրոսյանը, որը նույնպես պատրաստվում էր դիտորդների խմբի հետ թռչել Մարտունի: Այդ փուլում անվտանգության հարցերը կլանում էին մեր ժամանակի ու եռանդի մեծ մասը:
Բայցևայնպես, պետք է ավարտին հասցնեինք ԼՂՀ պաշտոնական կարգավիճակի ձևակերպման գործընթացը և մեր անկախության անխոցելի իրավական հիմքեր ստեղծելու նպատակով անեինք առավելագույնը: Դրա համար պահանջվում էր Հանրապետության ստեղծման որոշումն ամրագրել համընդհանուր հանրաքվեով, ապա ընտրել իշխանության ու կառավարման հանրապետական մարմիններ: Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ բնակչության ապշեցուցիչ ակտիվության պայմաններում. մասնակցությունը կազմել էր 82 տոկոս՝ Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը: Նույնիսկ Ստեփանակերտի ու մյուս բնակավայրերի չդադարող հրետակոծությունը չէր վախեցրել մարդկանց: Անկախության օգտին քվեարկեց 98 տոկոսը:
(Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան