Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
12:49
Նիկոլ Փաշինյանը բնակելի շենքերից մեկում մի քանի բնակիչների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ բակ, որտեղ նրան էին սպասում բողոքող ջերմուկցիները։
Ջերմուկցիներն ասացին՝ կարծես թե, Փաշինյանը եկել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ջերմուկիցների կարծիքը լսի, մինչդեռ այնպիսի տպավորություն է՝ եկել է ջերմուկցիներին համոզի, որ հանքն աշխատի։
Վարչապետը հակադարձեց՝ նշելով, որ այդ տպավորությունը սխալ է։
«Ձեր գործողություններից էլ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե նույնիսկ ապացուցվի՝ հանքն անվտանգ է, օդը, ջուրը, հողը չի վնասվում, ձեր դիրքորոշումը միևնույն է չի փոխվելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:00
Մի կին մոտենալով Փաշինյանին՝ ասաց, որ ԱՄՆ-ից եկել է Հայաստան, մշտական բնակություն է հաստատել Ջերմուկում։ «Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ, ուզում եմ՝ այս մաքուր, անարատ բնությունն իսկապես պահպանվի: 27 տարի ապրելով Ամերիկայում՝ չեմ ուզում նորից գալ մի տեղ, որտեղ բնությունը պիտի ապականվի»,- ասաց տիկին Գոհարը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենակարևոր հարցը, որին պետք է պատասխանել այն է, թե արդյոք այդ ամենն իրո՞ք նման ազդեցությունն է ունենալու, թե՞ ոչ։
Տիկինն ասաց, որ պետք է կոմպետենտ մարդ բերել, վարչապետն էլ արձագանքեց.«Կոմպետենտ մարդ բերում ենք, հետո ասում ենք՝ չէ, սա ոնց որ էդքան կոմպետենտ չի: Հիմա աշխարհի բոլոր ամենակոմպետենտներին պետք է հավաքենք»:
Վարչապետը նշեց, որ եթե հանքը աշխատեց, այն պետք է ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ ջրի, ոչ հողի, ոչ աղմուկի աստիճանի վրա:
«Արդյոք դա հնարավո՞ր է։ Հիմա Ամուլսարն արդեն այն սարը չի, քանի որ մինչև հեղափոխությունն այնտեղ 400 մլն դոլարի աշխատանք է արվել: Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք դնում. խնդիր ենք դնում, որ այդտեղից 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն ու մենք խնդիր ենք դնում, որ 10-ի փոխարեն լինի երկու, երեք կամ մե՞կ: Մասնագետներն ինձ ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք է լինի զրո: Ասում եմ՝ բա ո՞նց ենք դա ապահովելու, ինձ ասում են, պետք է իրականացվի ամենօրյա մոնիտորինգ: Դա նշանակում է, որ այդ խումբը դիմացի սարից խոտ է վերցնելու և հետազոտի: Եթե լաբորատոր հետազոտությունով պարզվի, որ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան պետք է լինի միջազգային ստանդարտներով, ուրեմն 90 օր է տրվում այդ խնդիրը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը փակվում է բոլոր օրինական հիմունքներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
11։34
Վարչապետը շրջում է Ջերմուկում, այցելում է ջերմուկցիների տները՝ ճշտելու, թե քաղաքացիները ի՞նչ կարծիք ունեն՝ պե՞տք է շահագործել Ամուլսարի հանքը, թե՞ ոչ:
«Ի՞նչ եք մտածում հանքի շահագործման մասին»,- բնակիչներից մեկին հարցրեց վարչապետը։ Վերջինս ասաց, որ դեմ է հանքի շահագործմանը։
Նշենք նաև, որ բոլոր բնակիչները նույն պատասխան են տալիս՝ դեմ են հանքի շահագործմանը։
11:22
Նշենք, որ հավաքված ջերմուկցիները որոշում կայացրեցին գնալ քաղաքապետարանի մոտ և այնտեղ սպասել վարչապետին։ Նրանք վրդովված նշեցին, որ չեն պատրաստվում հեռանալ, քանի դեռ չեն հանդիպել Փաշինյանի հետ։
«Թույլ չենք տալու, որ հանքը շահագործվի, մենք ունենք ջրեր, որ ոսկի արժեն։ Ուզում են Ջերմուկը բանվորական «գարադոկ» դարձնեն, բայց չի ստացվելու»,- ասացին ջերմուկցիները։
11:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ։
Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները շատ արագ հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցում, նրանք փակել են ճանապարհը, որպեսզի հանդիպեին վարչապետի հետ։ Վերջինս մոտեցավ ջերմուկցիներին։ Նրան ջերմուկցիները դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով։
Քաղաքացիներից մեկը վարչապետին ասաց, որ իրենց կարծիքը ժամանակին որևէ մեկը հաշվի չի առել, սակայն Փաշինյանը ընդհատեց նրան՝ ասելով, որ մեկ տարի է ինչ ասում են՝ լսում է, ինչ գրում են՝ կարդում է, ինչ վիդեո կա՝ նայում է։
«Ամեն ինչ գիտեմ»,- նշեց նա։
Վարչապետը ջերմուկցիներին ասաց, որ շրջելու է բակերով, զրուցելու է ջերմուկցիների հետ, դրանից հետո խոստացավ, որ կհանդիպի հավաքված քաղաքացիների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան