Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014 թթ.), Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա վարչապետի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց հանքի շահագործման ծրագիրը, դրանում տեղ գտած փոփոխությունները։
Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսված էր ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայել Սյունիքի մարզում, Սպանդարյան ջրամբարի ջրավազանի մոտ։ Սակայն, ըստ նրա, իրենք պահանջել են այլ վայրում այն տեղակայել, քանի որ ջրերը Կեչուտի ջրամբարով լցվելու էին Սևանա լիճ, դրանից հետո ընկերությունը փոխել է ամբողջ լոգիստիկան և նախագիծը։
«Դրա համար այն տեղակայեցին Գնդեվազ համայնքի ներքևի հատվածում։ Սակայն ջրի խնդրից բացի՝ այդ հանքի շահագործումն այլ խնդիրներ էլ ունի։ Հանքն օբյեկտիվորեն կարող է շահագործվել միայն ամռան ամիսներին,քանի որ ձմռանն այնտեղ շատ ձյուն է լինում: Իսկ ամռան ամիսներին հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի։ Հիմա ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն ներկայացնել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխման, գրունտային ճանապարհների և աղմուկի մասին»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ջերմուկը միջնադարյան քաղաք չէ, ժամանակակից քաղաք է. «Ջերմուկը Հայաստանում միակ առողջարանն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել։ Միութենական կուրորտ նշանակում է, որ 50 կմ շառավղով չի թույլատրվում մետալուրգիական արդյունաբերություն»։
Էդգար Ղազարյանը նշեց նաև, որ որքան էլ «Լիդիան» ընկերությունը բնապահպանական բաղադրիչին ուշադրություն դարձնի, որքան էլ կառուցողական մոտեցում ցուցաբերի, հանքի շահագործումից հետո Ջերմուկը չի լինի առողջարանային կենտրոն։
«Պարզ է, որ ամերիկացիները, անգլիացիները իրենց ներդրողների շահերն են պաշտպանում, բայց մերոնք էլ են չէ՞ Ջերմուկում ինվեստիցիա արել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյան էլ արձագանքեց. «Այո, հանդիպում ենք, խոսում ենք, բայց դա այս ամեն ինչում դա բացարձակ գործոն չէ։ Ես հրապարակային ասել եմ, որ այս ամեն ինչի մեջ կարող է մեկ գործոն լինել՝ Հայաստանի հանրապետության հավասարակշռված շահը»։
Վարչապետը նախագծի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո նաև ասաց, որ պետք է նախագծի փոփոխության մասին ավելի մանրամասն ծանոթանա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին