Էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրները կառավարության օրակարգում են. ՊԵԿ փոխնախագահ
Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով այսօր նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրների կարգավորումն օրակարգային է ՀՀ կառավարության համար:
«Անհրաժեշտ է ներդնել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խոչընդոտի ոլորտի զարգացմանը և կլինեն միջազգային լավագույն փորձին համահունչ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը` տեղեկացնելով, որ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում կձևավորվի գործողությունների ծրագիր:
ՌԴ դաշնային հարկային ծառայության նախա¬գահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ՌԴ-ում էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային առևտրի հարկման ուղղությամբ կատարված բարեփոխումները և դրանց արդյունքները։
Միջազգային կոնֆերանսն անցկացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։