29 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը
29 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից։
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
Հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։