Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 31 տարեկան:
Կապիտանը Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն ծառայության ժամանակ ընտանիքի՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:
Սասունցիների ընտանիքում մեծացած Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի Զինված Ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական: Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով:
Հովսեփ Կիրակոսյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ Հովսեփն իրեն արթնացրել է ու ասել, որ գյուղից արագ դուրս բերի երեխաներին, իսկ ինքը գնացել է զորամաս` իր զինվորների կողքին լինելու: Երբ կինն ամուսնուն ասել է, որ իրեն օգնի, կապիտանը պատասխանել է՝ չի կարող: «Չէ, Մա՛ր, կներես, չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ: Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես: Ու գնաց»,- հարցազրույցներից մեկում պատմել է կապիտանի կինը:
Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվել է փախչել:
Հովսեփ Կիրակոսյանը գնդակների տարափի տակ զինվորներին թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:
Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 ից 2010 թվականներին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Եվս մի ֆլեշմոբ՝ #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ
- Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
- Մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, ես շուտ հանձնվողներից չեմ. Տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան