Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Այսօր շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:
Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:
Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Ի դեպ՝ ժամանակին Panorama.am-ը հետաքրքրվել էր արգելոցի փոխտնօրեն Սմբատ Ղարիբյանից, թե ամառային շրջանում հրդեհների դեպքերն ավելանում են, մասնավորապես խոտածածկ, անտառածածկ տարածքներում, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել բացառելու հրդեհի դեպքերը, կամ՝ հրդեհի դեպքում արագ արձագանքելու և մարելու համար, նախորդ հրդեհներից ի՞նչ դասեր եք քաղել։
Մեզ հավատացրել էին, որ «Ջրցան մեքենաները կազմ-պատրաստ են»։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
- Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
- Ջրցան մեքենաները կազմ-պատրաստ են