Հայ շախմատիստուհուն հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից
Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով։
«Բի բի սի»-ն գրում է, որ երբ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում վրդովմունք է արտահայտել, կազմակերպիչները նրան դատական գործով են սպառնացել։
Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատի կանանց եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր: Նախկինում նա խաղացել է Թուրքիայում անցկացվող մրցաշարերում և նման խնդիրների չի հանդիպոել:
Շախմատիստուհու խոսքով՝ նա որևէ հատուկ ցանկություն չի ունեցել մասնակցելու թուրքական մրցաշարին, սակայն օգոստոսի 7-ին նա հրավեր է ստացել կազմակերպիչներից, որոնք նաև առաջարկել են վճարել ճանապարհածախսի և կեցության համար:
Գևորգյանը, ի վերջո, համաձայնել է, սակայն շուտով կազմակերպիչներից Մուստաֆա Էրօղլուն չեղարկել է հրավերը:
Նա գրել է Գևորգյանին, որ ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:
Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է Էրօղլուի հաղորդագրության լուսանկարը:
«Յուրաքանչյուր երկրում, որտեղ էլ որ ելույթ ունենամ, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր ընդդիմախոսներին՝ անկախ նրանց ազգությունից կամ քաղաքական հայացքներից»,- գրել է Գևորգյանը:
Մարիա Գևորգյանը բողոք է ուղղել ՖԻԴԵ-ին: Նա նշել է, որ՝ հրավերի չեղարկումը իր ազգության պատճառով համարում է խիստ վիրավորական: Նա նաև հայտնել է, որ Էրօղլուն կապվել է իր հետ և մեղադրել նամակագրության գաղտնիությունը խախտելու մեջ՝ սպառնալով դատի տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա