ԱՄՆ դեսպան. Մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարևոր է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։
Նախարարությունից մանրամասնում են, որ օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության հարցին:
Նրանք համակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարևոր է:
Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: