ՊՆ-ն մեղադրվում է քրեական օրենսգրքի 376 հոդվածի հատկանիշներով
Հայաստանում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ Հայասանի փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:
Panorama.am-ին քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս`պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Զենքի մատակարարման մրցույթի չեղարկման վերաբերյալ քրգործի մասին լռում են
- Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին. «Ռիա Նովոստի»