Ջավախքում բացվել է Ազգագրական թանգարան
Ջավախքի Սաթխա գյուղում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել Ալբերտ Իսոյանի անվան Ազգագրական թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, որը փոխանցվելու է պետությանը: Jnews-ի հաղորդմամբ, այն կառուցվել է Իսոյան ընտանիքի միջոցներով: Բացմանը ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ախալքալաքի և Կումուրդոյի վարդապետ Տ. Նիկոլոզը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի տեղական իշխանությունները և այլք:
Թանգարանում ցուցադրված են մի շարք հնագույն ցուցանմուշներ, ներառյալ հավաքածուները, որոնք հավաքվել է հենց Ալբերտ Իսոյանի կողմից:
«Մանկուց, դպրոցական տարիներից ես սիրում էի հնաոճ իրեր: Երբ ժամանակի ընթացքում դրանք շատացան, հատկապես, երբ գտնվեցին 18-րդ դարի մեր կորցրած եկեղեցական գրքերը, ես որոշեցի տանը թանգարանի համար հատկացնել սենյակ: Այս գաղափարը հետզհետե այնքան հասունացավ, որ այն դարձավ իսկական թանգարան: Եվ այսօր ահա այս գաղափարը իրականություն է դարձել», – պատմել է Ալբերտ Իսոյանը:
Նրա խոսքով, թանգարանը կփոխանցվի պետությանը, վերջինս էլ կնշանակի տնօրենին և աշխատակիցներին: