Ռուստամ Բադասյան. Պետությունը չի ճանաչի միասեռ ամուսնությունը
Ի սկզբանե պարզ էր, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան ԱԺ այս տարվա օրակարգում ներառելը հնարավոր չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Հիմա մենք սպասում ենք Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանություններին։ Վենետիկի հանձնաժողովից պարզաբանումներ կստանանք նախնական տվյալներով հոկտեմբերին, այնուհետև այն Կառավարությունում պետք է նորից քննարկվի, ուղարկվի Սահմանադրական դատարան՝ Կոնվենցիայի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով: Սա գործընթաց է, որով այս Կոնվենցիան պետք է անցնի»,-նշեց նա՝ ավելացնելով, որ մեկնաբանությունները վերաբերելու են ընտանիքի կազմին ու առավել շատ քննարկված այլ դրույթներին։
Հանձնաժողովին դիմելն են, ըստ նախարարի, լրացուցիչ փաստարակներ ունենալու համար։
Նախարարն ասաց՝ բացառում է, որ Կոնվենցիան վավերացնելուց հետո պետությունը ճանաչի միասեռ զույգերի ամուսնությունը:
«Պետությունը չի ճանաչի նման ամուսնությունը։ Իսկ իրենք համատեղ կապրե՞ն, թե չեն ապրի, դա նրանց գործն է։ Իմ անձնական դիրքորոշումը հետևյալն է՝ ընտանիքը տղամարդու և կնոջ միություն է, և այդ կոնցեպտը փոփոխման ենթակա չէ։ Երեխա որդեգրել կարող է միայն պետության կողմից ճանաչված ընտանիքը, որը կնոջ և տղամարդու միությունն է։ Վրաստանի օրինակը կարող եք նայել»,-ասաց նախարարը։
Լրագրողները նկատեցին՝ եկեղեցին նույնպես դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Բադասյանը պատասխանեց՝ արդեն ասել են, եկեղեցու ներկայացուցիչների հետ պատրաստ են դրույթ առ դրույթ քննարկել նրանց մտահոգությունները։
«Ցանկացած անձի դեմ բռնությունն անթույլատրելի է և ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է արժանանա համապատասխան կառուցակարգերով պաշտպանության, իսկ դեպքը՝ արդյունավետ քննության»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
- «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
- Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- ՀՀ ԱՆ, շիտակ գնա ստամբուլյան
- «Ժողովուրդ». Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար ժամկետ վաղուց է նախատեսված
- Արթուր Ղազինյան. Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2