Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել են
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 09:07-ին Սյունիքի մարզի Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են անտառածածկ և խոտածածկ տարածքներ:
Ժամը 15:55-ից Չապնի և Սևաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել է (110 բնակիչ):
Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչև Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք:
Ժամը 20:51-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 3, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի, տեղի 5 բնակչի և 3 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են պղնձամոլիբդենային կոմբինատի 3 ջրատար և մեկ տրակտոր:
Ըստ ԱԻՆ-ի՝ օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:
Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 25 փրկարար, 21 զինծառայող, հարակից գյուղերի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 100 հա: