«Վեգա» ընկերության կորուստները հասնում են մի քանի միլիոն դոլարի
«Վեգա» ընկերությունում դեռևս չեն հաշվել, թե հրդեհի հետևանքով որքան վնաս են կրել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանն ասաց, որ հաշվարկման աշխատանքներն ընթացքի մեջ են, ընկերությունը ֆինանսական մեծ կորուստներ է կրել, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է։
Հիշեցնենք՝օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը բռնկվել է «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում: Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք:
Արթուր Չոբանյանը նշեց, որ հրդեհի պատճառը հայտնի չէ, այն սկսվել է կահույքի արտադրամասում, որն արագությամբ տարածվել է՝ ընդգրկելով նաև պահեստը։
«Ինձ պատմել են, որ շատ արագ է ամեն ինչ տեղի ունեցել։ Ամբողջ շենքում կան կրակմարիչներ, բայց հրդեհն այնքան արագ է տարածվել, որ պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել և աշխատակիցները հասցրել են միայն դուրս գալ շենքից»,- ասաց ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենը։
Նրա խոսքով՝ այրվել են կահույքի արտադրամասն ու պահեստը, որոնք գտնվել են նույն մասնաշենքում, իսկ սրահը թեև չի այրվել, սակայն այն կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Արթուր Չոբանյանը հայտնեց, որ հրդեհի հետևանքով «Մալաթիա Մոլ»-ի տարածքում գտնվող «Վեգա» սրահը ժամանակավորապես չի գործի, միայն վերանորոգումից հետո այն իր դռները կբացի այցելուների առաջ։ Նա վստահեցրեց, որ մեկ ամսվա ընթացքում հարդարման աշխատանքները կավարտվեն։
Անդրադառնալով ԱԻՆ-ի աշխատանքին, մասնավորապես այն խոսակցություններին, թե հրշեջները ուշ են ժամանել հրդեհի վայր, Արթուր Չոբանյանն ասաց, որ հրշեջների և շտապօգնության աշխատանքը ամենաանշնորհակալ գործն է։
«Եթե նրանք տեղ են հասնում երկու րոպեից, այդ դեպքում էլ ասում են՝ ինչի՞ մեկ րոպեում չհասաք։ Իհարկե, եթե շուտ գային, միգուցե, վնասն ավելի քիչ լիներ, բայց փառք Աստծո, որ նրանց շնորհիվ մարդիկ փրկվեցին և մենք չունենք մարդկային կորուստներ, նույնիսկ վիրավորներ չունենք։ Եղել են մարդիկ, որ ծխի պատճառով գլխապտույտ են ունեցել, թեթև քերծվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժկենտրոններ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մեզ համար կարևորը դա է, քանի որ մարդկային կորուստներն անվերականգնելի են»,- ասաց ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենը։
Արթուր Չոբանյանը միաժամանակ նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում գրանցվել են հրդեհների բավական մեծ թվով դեպքեր և հասկանում են՝ ամենահզոր տեխնիկան, որն այս պահին կա Հայաստանում, օգտագործում են խոշոր հրդեհները մեկուսացնելու համար. «Ամեն դեպքում, հրշեջներն արեցին մաքսիմալը։ Պետք է նաև հաշվի առնել շենքի տեղակայման վայրը։ Այն գտնվում է բլրի վրա և կան հատվածներ, որ մեքենաները դժվարությամբ են տեղ հասնում։ Այս ամենը պետք է հաշվի առնենք։ Մենք շնորհակալ ենք հրշեջներին, նրանք արեցին ամեն ինչ։ Կարևորը մարդկային կյանքն է, և մենք զոհեր չունեցանք։ «Վեգան» կորցրեց իր տարիների քրտնաջան աշխատանքը, բայց մենք էլի կաշխատենք ու կվերականգնենք մեր կորցրածը»։
Հետաքրքվեցինք՝ արդյոք կենցաղային տեխնիկան ապահովագրված էր, «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրենն ասաց, որ տեխնիկան ապահովագրված էր և այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում. «Այս պահին մանրամասն տեղեկություններ չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»։
Նշենք, որ «Մալաթիա մոլ»-ի սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն է։ Նա հրդեհի ժամանակ դեպքի վայրում էր և փորձում էր անձամբ ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները։ Ուղիղ հեռարձակման ժամանակ երևում էր, թե ինչպես է նա հրահանգում աշխատողներին հանգցնել կրակը։ Վնասների մասին հարցին նա պատասխանել էր՝ ես ի՞նչ, «Վեգայինն» է ապրանքը։
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
- ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
- Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում