Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության. ԱԳ նախարար
«Համաշխարհային փոփոխություններին համընթաց առանձահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերին ներգրավածությունը՝ ելնելով ազգային և տարածաշրջանային օրակարգից։
«Պատմականորեն հայ ժողովուրդը կարևոր ներգրավածություն է ունեցել Ասիական տարածաշրջանում, և մենք մտադիր ենք շարունակելու և ընդլայնելու մեր համագործակցությունը Հնդկաստանի և Ճապոնիայի հետ»,- ասաց նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի պատմական կապերը և հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում ունեն քաղաքակրթական նշանակություն, որոնք արտահայտվում են Մերձավոր Արևելքի հանդուրժողականության և երկխոսության, կրոնների՝ քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցության արժեքներով։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդը ավանդական բարեկամության ամուր հիմքեր է ստեղծել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդների հետ:
«Հայաստանը մտադիր է զարգացնել այդ պատմական կապերը։ Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով»,- ասաց նա։
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է իր ներգրավածությունը նաև Ծոցի երկրներում։ Մասնավորապես, Հայաստանը մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա:
Նա նաև նշեց, որ հայկական համայնքների ակտիվ գործունեությունը, Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցության ներուժը պայմանավորել են մեր ակտիվ փոխգործակցությունը այդ մայրցամաքի երկրների հետ, մասնավորապես՝ Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հետ։ Այս երկրների հետ համագործակցելու դրական դինամիկան պետք է անկասկած շարունակվի։
«Հայաստանը մտադիր է համագործակցության նոր ծրագրեր վերհանելու և իրականացնելու ԱՍԵԱՆ անդամ երկրների և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ, ինչը փաստվեց Հայաստան Հանրապետության վարչապետի վերջին տարածաշրջանային այցով։
Կարևորում ենք նաև Կանադայի հետ առկա հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Ավստրալիայի հետ համագործակցության նոր ուղիների մշակումը։
Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռևս նոր ուղղություն և մենք այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռևս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում, որը նաև Աֆրիկյան Միության կենտրոնակայանն է ու տարածաշրջանի յուրօրինակ դարպասը: Հայաստանի համար աֆրիկյան ուղղությունը կարևորվում է նաև զարգացման օրակարգի առաջմղման տեսակետից։
Բնութագրելով մեր երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը, ես առիթ ունեցա նշելու տարբեր երկրների հայկական համայնքների կարևոր դերակատարումը, ինչը բխում է արդեն իսկ այսօր շրջանառության մեջ դրված մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից։ Կուզենայի առանձնահատուկ նշել, որ հայկական համայնքները կարևոր առաքելություն են իրականացնում՝ ծառայելու որպես կամուրջ իրենց պատմական և հյուրընկալ հայրենիքների միջև»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները. Զոհրաբ Մնացականյան
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության սպառնալիք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում